Թուրքիայում մոտ 60 մարդ է ձերբակալվել «ԻՊ»-ի հետ կապ ունենալու կասկածանքով
Թուրքիայի ոստիկանությունը 59 մարդու է ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով։ Ձերբակալությունները կատարվել են երկրի հարավային և հարավ-արևելյան նահանգներում՝ Ստամբուլի ահաբեկչությունից հետո: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով «Sabah» թերթին և իրավապահ մարմինների տարածած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի կենտրոնական հրապարակներից Սուլթանահմեթում հզոր պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունի պահին հրապարակում եղել են զբոսարջիկներ: Բոլոր զոհերն ու վիրավորներն այլազգի են: Պայթյունի հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել 15 մարդ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ահաբեկչությունն իրականացրել է սիրիացի մահապարտ-ահաբեկիչը: Ըստ վարչապետ Դավութօղլուի՝ ահաբեկիչը հանդիսանում է «ԻՊ»-ի անդամ:
Գործողություններն անցկացվել են միաժամանակ 22 հասցեներում: Ոստիկանության տվյալներով` կասկածյալների մի մասը նախատեսել էր միանալ «ԻՊ»-ին Սիրիայում, իսկ մյուս մասն ահաբեկչություններ էր նախապատրաստում Թուրքիայում այդ ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ։
Ավելի վաղ, թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Անկարայում ձերբակալվել է «ԻՊ»-ի ենթադրյալ 16 ահաբեկիչ, ովքեր ահաբեկչություններ են նախապատրաստել իրականացնել Թուրքիայում: