Թուրքիայի վրա ոչ ոք չի հարձակվում. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի՝ ռուսական Су-24-ի դեպքից հետո պաշտպանության խնդրանքով ՆԱՏՕ-ին դիմելը ստորացուցիչ է համարում: Այս մասին Պուտինը հայտնել է գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում:
Պուտինը նշել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խնդիրները կապ չունեն Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու հետ: «Ոչ ոք չի հարձակվում Թուրքիայի վրա: Եթե Թուրքիան ինչ-որ հետաքրքրություններ ունի աշխարհում և մոտակա երկրներում, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի և ապահովի բոլոր այդ հետաքրքրություննե՞րը, ինչ է:»,- հայտնել է ՌԴ նախագահը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Վլադիմիր Պուտինը նաև հաղորդել է, որ հույս ունի՝ նմանատիպ պատահարները ոչ մի մասշտաբային բախումների չեն հանգեցնի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում Պուտինը հայտնել է, թե որն է Ռուսաստանի՝ Սառը պատերազմից հետո գործած գերագույն սխալը: