Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
Սերգեյ Փարաջանով (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) (վրաց.՝ სერგეი (სერგო) ფარაჯანოვი)) (հունվարի 9, 1924, Թբիլիսի, Վրաստանի ԽՍՀ - հուլիսի 21, 1990, Երևան, ՀԽՍՀ), 20-րդ դարի հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)։
1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։
1945 թվականին տեղափոխվեց Մոսկվայի կոնսերվատորիա՝ Նինա Դորլիակի դասարան։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվեց նաև ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետ։ Սկզբնական շրջանում սովորում էր Իգոր Սավչենկոյի, իսկ վերջինիս մահից հետո՝ Ալեքսանդր Դովժենկոյի արվեստանոցում։ Այս արվեստանոցում են սովորել նաև շատ այլ հայտնի ռեժիսորներ՝ Ալեքսանդր Ալով, Վլադիմիր Նումով, Յուրի Օզերով, Մարլեն Խուցիև, Ֆելիքս Միրոներ, Հենրիխ Գաբայ, Նիկոլայ Ֆիգուրովսկի, Լատիֆ Ֆայզիև և Գրիգոր Մելիք-Ավագյան։ Ուսանողները ակտիվորեն մասնակցում էին իրենց ուսուցչի՝ Ի․ Սավչենկոյի ֆիլմերի նկարահանումներին՝ 1948 թվականին՝ «Երրորդ հարվածը» և 1951 թվականին՝ «Տարաս Շևչենկո» ֆիլմերին։1949 թվականին սկսեց աշխատել Կիևի Դովժենկոյի անվան ստուդիայում որպես ռեժիսորի օգնական, որտեղ աշխատեց մինչև 1960 թվականը:
Փարաջանովը ՎԳԻԿ-ն ավարտեց 1951 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանեց նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակը:
Մրցանակներ և պարգևներ
Միքայել Վարդանովը և Սերգեյ Փարաջանովը
Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)
Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)
«Հարավային խաչ» մրցանակի դափնեկիր՝ Մար դել Պլատայի 7-րդ միջազգային կինոփառատոնում՝ օպերատորական աշխատանքի, լույսի և էֆեկտների համար (Արգենտինա, 1965)
Կիևի Համամիութենական կինոփառատոնում հանձնաժողովի հատուկ մրցանակ՝ տաղանդավոր փնտրումների և նորարաության համար (1966)
Սալոնիկի I միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ՝ լավագույն բեմադրման համար (1966, Հունաստան)
Հռոմի միջազգային կինոփառատոնի գավաթակիր (1965, Իտալիա)
Բրիտանական կինոակադեմիայի մրցանակակիր լավագույն օտարերկրյա ֆիլմի համար (1965)
Իսպանիայի "Caixa de Catalunya" մրցանակի դափնեկիր (1986)
Սան Պաուլուի միջազգային կինոփառատոնի մրցանակի դափնեկիր (1987, Բրազիլիա)
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մրցանակի դափնեկիր (1987, Նիդեռլանդներ)
Ստամբուլի միջազգային կինոփառատոնում հանձնաժողովի հատուկ մրցանակ (1989)
Նիկա մրցանակի դափնեկիր (1990)
Տ․ Շևչենկոյի անվան Ուկրաինական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1991, հետմահու)