Այսօր ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի ծննդյան 81-րդ տարեդարձն է
Էլվիս Փրեսլին (հունվարի 8, 1935թ., Տուպելո - օգոստոսի 16, 1977թ., Մեմֆիս) 20-րդ դարի երգիչների շարքում ամենափայլուն ու անկրկնելի մի կերպար էր: Նրան անվանում էին ռոքնռոլի արքա կամ պարզապես՝ արքա: Նա ծնվել է 1935թ.-ի հունվարի 8-ին ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Տյուպելո քաղաքում՝ աղքատ, սակայն աստվածավախ ու բարեպաշտ ծնողների ընտանիքում:
Նրա երկվորյակ եղբայրը մահացած էր ծնվել, և Էլվիսին վիճակված էր միայնակ սկսել իր կյանքի ուղին, որի ընթացքում նա հասավ փառքի ամենաբարձր գագաթներին: Երգիչն իր առաջնթացն սկսել է եկեղեցական երգչախմբում, իսկ 10 տարեկանում տոնավաճառում ժողովրդական երգեր կատարելու համար մրցանակ է ստացել:
Իր կարճատև կյանքի ընթացքում Էլվիս Փրեսլին հասցրել է նվաճել ավելին, քան իր ժամանակի որևէ այլ արտիստ: Նրա հմայիչ ձայնն ու արտիստիկ արտաքինը մեկընդմիշտ առավելություն են հաստատել բեմում: Տասնյակ ալբոմներ ու հարյուրավոր սինգլներ թողարկելուց բացի, ռոքնռոլի արքան գրավել էր նաև էկրանը: Էլվիս Փրեսլին նկարահանվել է 30-ից ավել ֆիլմում՝ դառնալով սպասված հերոս:
Իր կերպարով առաջ է մղել բազում հեռուստանախագծեր: Էլվիս Փրեսլին այն բացառիկ երգիչներից է, ով Գրեմմի մրցանակի է ներկայացվել 14 անգամ՝ 3 դեպքում ճանաչվելով հաղթող: Էլվիս Փրեսլիի կյանքն ընդհատվել է 1977թ.-ի գոստոսսի 16-ին: