Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իրանին
Թուրքիայի ԱԳՆ-ն բողոք է հղել Թեհրանին՝ պայմանավորված իրանական լրատվամիջոցների հրապարակումներով, որոնցում նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապ է ունեցել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ: Թուրքիայում Իրանի դեսպանն այդ հրապարակումների առնչությամբ կանչվել է երկրի ԱԳՆ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով ТАСС-ին:
«Մենք հաստատակամորեն դատապարտում ենք՝ մեր նախագահի վերջին այցը մահապատիժների հետ կապելու փորձերը, ինչն ընդգծվել էր Իրանի կառավարական մարմինների հետ կապ ունեցող մի շարք պարբերականներում»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Էր-Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սկսեցին սրվել, երբ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը: Հենց այդ նույն գիշերը իրանցի ցուցարարներից բաղկացած ամբոխը ներխուժեց Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն և Մեշհեդում գտնվող հյուպատոսարան: Ի պատասխան այդ քայլին՝ հունվարի 3-ին, Էր-Ռիադը դադարեցրեց հարաբերությունները Թեհրանի հետ: Սաուդյան Արաբիայի այդ որոշմանը կողմ արտահայտվեցին և սատարեցին Բահրեյնը, Սուդանը, Սոմալին, Ջիբուտին: Իր հերքին` ԱՄԷ-ն իջեցրեց դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը, իսկ Քուվեյթն ու Քաթարը հետ կանչեցին իրենց դեսպաններին: