Վերջին 20 տարում թուրք-քրդական կոնֆլիկտը առաջին անգամ է այսքան սրվել
Ամերիկյան նշանավոր «Foreign Policy» հանդեսը 2016 թվականի համար կանխատեսումներ է արել՝ նշելով այն 10 հնարավոր հակամարտությունները, որոնք այս տարի կարող են նոր թափ ստանալ։ Այդ հակամարտությունների շարքում է նշված նաև թուրք-քրդական հակամարտությունը։
Հանդեսը գրում է. «Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքի վերջին լուսանկարներում մենք կարող ենք տեսնել բարիկադներ և արյունալի քաղաքային մարտերում ներգրավված երիտասարդ գրոհայիններ՝ հրացաններով և ականներով։ Նման պատկերներից կարող ենք եզրակացնել, որ շարունակվում է Թուրքիայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև երկարատև պայքարը, ավելին, այն նոր թափ է ստացել։ 1984 թ-ից ի վեր այս առճակատման զոհ են դարձել 30 հազար մարդիկ։
Շատ գործոններ են ազդել բռնությունները խաղաղ բանակցություններով ավարտելու, իսկ 2015 թ-ի հուլիսին զինադադարը խախտելու և կռիվները վերսկսելու վրա։
Թուրքիայի քրդական շարժումը սատարում է Սիրիայում PKK- ի տեղական մարմնին, որը հաջողություններ է գրանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Բնականաբար, սա անհանգստացնում է Անկարային, քանի որ միջսահմանային քրդական համերաշխությունը կարող է էլ ավելի ամրապնդել քրդերի՝ սեփական պետություն ստեղծելու պահանջները։ Սա պատճառ բռնելով՝ Թուրքիան կարող է թուլացնել իր պայքարը ընդդեմ «ԻՊ»-ի, ինչն էլ առիթ կտա թուրքական քրդերին եզրակացնելու, որ Անկարան աջակցում է ահաբեկչական խմբավորմանը, որը իբր իրենց ընդհանուր թշնամին է։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում հակամարտությունը ամենաշատն է սրվել հենց հիմա։ Երկու կողմերն էլ գիտեն, որ չկա ռազմական լուծում, սակայն յուրաքանչյուրը ցանկանում է թուլացնել մյուսին որքան հնարավոր է շատ, քանի դեռ սիրիական հարցը իր վերջնական լուծումը չի ստացել։ Մերձավոր Արևելքի էթնոդավանաբանական բռնությունները Թուրքիա չտեղափոխելու համար երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և զինադադար հաստատեն։ Իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունը հարկ է, որ բարեփոխումների նոր օրակարգ մտցնի, որոնք կբավարարեն քրդերի իրավունքների պաշտպանության պահանջները, այդ թվում ՝ ապակենտրոնացումը և մայրենի լեզվով ուսուցումը»։