Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 դուռ» նախագիծն ամփոփվեց լուսանկարչական ցուցահանդեսով (լուսանկարներ)
Ինչպես հայտնել էինք, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ռեժիսոր և պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը նախաձեռնել է «100 դուռ» լուսանկարչական նախագիծը, որի շրջանակում ներկայացրել է խորհրդանշական 100 հայկական եկեղեցու և վանքի դուռ:
Նախագծի մեկնարկին զուգահեռ, ակամայից մեկնարկել էր նաև «Մեր վերքերը դեռ բաց են» շապիկներով ֆլեշմոբը:
Ավելի վաղ, նախագծի հեղինակը նշել էր, որ նպատակ ունի «100 դուռ» լուսանկարների ցուցահանդես կազմակերպել, իսկ մինչ ցուցահանդեսը՝ «100 դուռ»-ը հեծանվաերթ իրականացրեց դեպի Ծիծեռնակաբերդ:
Նախագծի շրջանակներում լուսանկարվել է Հայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի 100 եկեղեցու դուռ:
Դեկտեմբերի 29-ին և 30-ին կայացավ երկար սպասված «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը, որին ներկա էին ինչպես ավագ սերնդի, այնպես էլ երիտասարդ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսին ներկաները հնարավորութուն ունեցան 100 եկեղեցու դուռ մեկ վայրում տեսնել, նրանցից ոմանք, անգամ աղոթեցին այդ դռների առջև, իսկ օրվա խորհուրդն ամբողջացրեց սրահում տարածված խունկի բույրը:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Քոչարյանը կիսվեց իր տպավորություններով: «Ես ապշած եմ, որ Խաչիկն այս պատասխանատվությունն իր ուսերին վերցրեց և հասավ նրան, որ ցուցահանդեսն իրականություն դարձավ: Այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք առաջին քրիստոնյաներն ենք ամբողջ աշխարում: Լավ կլինի, որ այն շրջիկ դառնա և ներկայացվի ոչ միայն Հայաստանում, այլև նաև տարբեր երկրներում»,-նշեց Կարեն Քոչարյանը:
Ցուցահանդեսին ներկա էր նաև Արթուր Բախտամյանը, ում խոսքով՝ ցուցահանդեսն ուղերձ ունի, որն այս դռների միջոցով հասնում է մարդկանց: «Այս դռներից շատերը այցելու չունեն, փակ են, կողպեքված և մտածելու տեղիք են տալիս: Այս դռների առաջ շատ ճակատագրեր են խեղվել և շատ ընտանիքներ են կառուցվել»,-ասաց Արթուր Բախտամյանը:
Մեր թղթակցի հետ զրույցում նախագծի հեղինակն ասաց, որ շատ դժվարությունների միջով է անցել ծրագիրն իրագործելիս: «Կայացավ մի գաղափար, որի մասին ես շուրջ 1 տարի մտածել եմ: Մտածել եմ՝ արդյո՞ք կարող եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել և արդարացնել: Երևի սխալվել եմ, որ թերահավատ եմ գտնվել: Փա՛ռք Աստծո, այն կայացավ»,-նշեց Խաչիկ Եղոյանը: