ՀՀ ոստիկանապետի շնորհավորական ուղերձը
ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոների առթիվ: Տարեսկիզբը ոչ միայն տոն է, այլեւ հետահայաց գնահատման, արվածը կշռելու և անելիքը տեսնելու հնարավորություն:
2011 թվականին սկսելով ոստիկանության արմատական բարեփոխման գործընթացը՝ համոզված էինք, որ զորելու ենք նորացնել ամեն ինչ՝ հայեցակարգերից մինչևհամազգեստ, մասնագիտական պատրաստականությունից մինչեւ ծառայության տեխնիկական հագեցում, ոստիկանի կրթությունից մինչեւ սոցիալական ապահովության նոր մակարդակ:
Այսօր վստահաբար կարող ենք ասել՝ բարեփոխման տարիներին իսկապես որակական անցում կատարվեց ոստիկանության պրոֆեսիոնալ, գործառնական ու կառուցվածքային նոր մակարդակի: Եվ ամենակարեւորը՝ ոստիկանության նոր քաղաքականության շնորհիվ աննախադեպ աճել է հասարակության վստահությունը մեր հանդեպ, բարձրանում է մեր աշխատանքի հանրային վերահսկողության աստիճանը, ոստիկանի եւ քաղաքացու համագործակցությունը վերաճում է համատեղ աշխատանքի:
Մենք շարունակելու ենք առաջ ընթանալ բարեփոխումների ճանապարհով, քանզի դադարը հետընթաց կնշանակի, իսկ ոստիկանությունն ուղղակի պարտավոր է մեկ քայլ առաջ լինել հանրային զարգացումներից:
Շարունակելու ենք վերացնել թերությունները, շտկել սխալները, համակարգը համալրել ոստիկանների նոր սերնդով: Շարունակելու ենք կառուցել օրենքի ու ժողովրդի պահանջած ոստիկանությունը:
Համոզված եմ, որ միասնաբար ու արժանապատվորեն կիրագործենք մեր բոլոր խնդիրները, որոնց լուծմանը կոչված ենք և հանձն ենք առել՝ հանուն մեր երկրի ներկայի և ապագայի:
Հավատով ընդառաջ գնանք նոր ժամանակին:
Կրկին շնորհավորում եմ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Նոր տարվա առթիվ:
Աստված մեզ պահապան: