Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսաերիզի շնորհանդես՝ Իտալիայի Պեսկարա քաղաքում
Դեկտեմբերի 28-ին Իտալիայի Պեսկարա քաղաքում կայացավ Իտալիայում լայն ճանաչում վայելող երաժիշտ և ռեժիսոր Ռոբերտո Պաչի Դալոյի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915. The Armenian Files» ստեղծագործության տեսաերիզի շնորհանդեսը:
Տեսաերիզի թողարկմանը և դրա հետ կապված ստեղծագործական ուսումնասիրություններին իր աջակցությունն էր բերել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝« Giardini Pensili» և «Arthub» ընկերությունների հետ համագործակցությամբ: Շնորհանդեսը՝ դեսպանության հովանավորությամբ, կազմակերպել էր «ARCI» իտալական մշակութային ձախակողմյան ասոցիացիան:
«1915. The Armenian Files» ստեղծագործության տեքստի հիմնական մասը Դանիել Վարուժանի բանաստեղծություններից են, որոնք ընթերցում է արքեպիսկոպոս Լեւոն Պօղոս Զեքիեանը: Պատկերներն ու տեսարաններն ուղեկցվում են էլեկտրոնային ռիթմերով, ձայնային սյուժեներով ու վոկալով:
Ստեղծագործությունը և տեսաերիզը ներկայացրեցին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի մասին խոսեցին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և «1915. The Armenian Files» ստեղծագործության հեղինակ Ռոբերտո Պաչի Դալոն:
Միջոցառմանը ներկա էին իտալացի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, զանգվածային լրատվամիջոցների, իտալահայ համայնքի ներկայացուցիչներ: