Թող Ամանորի գիշերը սահմանում կրակոցների փոխարեն միայն հրավառություն լինի. Կարեն Քոչարյան
Հաղորդավար, ռեժիսոր, լրագրող Կարեն Քոչարյան անունը շատերս կհիշենք «3-րդ վագոն» հաղորդումից: Վերջինս 2015 թվականին կինոաշխարհ է մտել՝ նկարահանվելով ֆիլմերում, որոնք մենք առիթ կունենանք գնահատելու արդեն 2016 թվականին: Operativ.am-ը զրուցել է Կարեն Քոչարյանի հետ 2015 թվականի ձեռքբերումների, Ձմեռ պապիկից ստացած ամենատպավորիչ նվերի և 2016 թվականից սպասելիքների մասին:
Ո՞րն է 2015 թվականի Ձեր ձեռքբերումը:
2015 թվականին ես մտա կինոաշխարհ: Նկարահանվեցի երկու ֆիլմում, որոնք կցուցադրվեն արդեն 2016 թվականին: Դրանք իմ ստեղծագործական կյանքի ամենահետաքրքիր էջերն էին: Չեմ մոռանա նաև «Մշակութային օրեր» ծրագրի շրջանակներում Թուրքմենստան կատարած իմ այցելությունը՝ նախագահի և Մշակույթի նախարարության հետ: Ես միջոցառման ռեժիսորն էի և հաղորդավարը: Այդ օրերից ես գերագույն հաճույք եմ ստացել:
Անկախ տարիքից, բոլորս հավատում ենք Ձմեռ պապիկին և սպասում նվերի: Իհարկե, այդ նվերները մշտապես յուրահատուկ են, իսկ որոշ նվերներ էլ ամենատպավորիչն ու հիշվողն են լինում: Ո՞րն է եղել Ձմեռ պապիկից ստացած Ձեր ամենատպավորիչ նվերը:
Ձմեռ պապի ամենալավ նվերն ինձ համար 1992թ-ին դստերս ծնունդն էր: Երբեք չեմ մոռանա, երբ ընդամենը 2 ամսական երեխայիս հետ Արամ Խաչատրյանի վալսն էի պարում Ամանորի գիշերը:
Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016 թվականից:
Ամենակարևորը՝ խաղաղություն: Թող գիշերվա 12-ին սահմանում կրակոցների փոխարեն միայն հրավառություն լինի: Հրավառությունը դեպի մանկություն է մարդկանց բերում, իսկ մանկությունը՝ երջանկություն ու խաղաղություն է առաջին հերթին: Կուզենամ, որ 2016թ.-ից սկսած յուրաքանչյուր մարդ մեր երկրում զբաղվի իր գործով:
Ձեր մաղթանքը Ամանորի հետ կապված:
Աշխարհին խաղաղություն եմ ցանկանում: Ոչ մի երեխայի կյանք չպետք է վտանգվի:
Operativ.am-ը շնորհավորում է սիրված հաղորդավարին և մաղթում հաջողություններ: