Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը նորաբաց բժշկական կենտրոնում շրջայցի ժամանակ ծանոթացել է առողջապահական այդ հաստատության նոր մասնաշենքի հնարավորություններին, ինչպես նաև հին մասնաշենքի հիմնանորոգման ու արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններին:
«Աստղիկ» բժշկական կենտրոնը, որը 1965թ-ից շահագործվող «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է, պատասխանատուների հավաստմամբ, արդիականացման արդյունքում հագեցվել է ժամանակակից սարքավորումներով: Բուժման, ախտորոշման և նորագույն ծառայությունների ներդրման, բարձրորակ կադրերով համալրման շնորհիվ կենտրոնում բժշկական օգնության և սպասարկման ծավալներն աճել են, ինչին զուգահեռ ավելացել է կենտրոնի աշխատողների թվաքանակը: