Նվեր, որը երազում է ստանալ Դալիթան. երգչուհին՝ իր ձեռքբերումների և սպասելիքների մասին
Երգչուհի Դալիթան 2015 թվականին փակեց մանկության էջն ու ոտք դրեց պատանեկություն: Երգչուհին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում կիսվել է իր՝ 2015 թվականի ձեռքբերումների և առաջիկա պլանների մասին:
-Դալիթա՛, 2015 թվականը Ձեզ համար առաձնահատուկ տարի էր: Ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք 2015 թվականին, որոնց մասին կուզենաք կիսվել Ձեր երկրպագուների հետ:
-Ունեցա նոր երգեր, 2 նոր տեսահոլովակ, որոնցից մեկը նվիրված էր «Հայոց ցեղասպանության» 100-ամյա տարելիցին: Այն նկարահանվել էր Լիբանանում՝ Սուրբ Խաչ Հարբոյան վարժարանի կողմից՝ «Հայերինն է» երգիս հիման վրա: Հրավեր ստացա Իտալիայից մի շարք մրցույթներին մասնակցելու նպատակով: Կայացավ նաև իմ կողմից ներկայացրած «Երեքը՝ մեկում» նախագիծը, որն իր մեջ ներառում էր իմ «Welcome to Armenia» առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, «Crazy Generation» անգլերեն լեզվով երգիս տեսահոլովակի պրեմիերան, համագործակցություն «Bandi»-ի հետ, ինչպես նաև կենդանի հնչողությամբ փոքրիկ համերգ: Նշեմ, որ Իտալիայից հրավեր եմ ստացել ներկայացնելու Հայաստանը: Հանդես կգամ հենց իրենց նվիրած երգով՝ «L'amore non avra` fine», որը թարգամանաբար նշանակում է «Սերն անվերջ է»:
-Հրաշքների հավատում ենք բոլորս, սիրում նվեր ստանալ Ամանորին և հատկապես, որ այդ նվերը լինում է Ձմեռ պապիկից: Ո՞րն է եղել Ձեր ամենատպավորիչ նվերը, որը ստացել եք Ձմեռ պապիկից:
-Չեմ կարող առանձնացնել, քանի որ իմ Ձմեռ պապին, ամեն տարի ինձ ուրախացրել է իր հետաքրքիր նվերներով և միշտ յուրովի անակնկալներ է ինձ մատուցել: Միայն մի նվեր կա, որը մանկուց միշտ իմ գրած նամակներում խնդրել եմ նրանից` կենդանի շնիկ կամ նապաստակ, բայց դեռ չի հասցրել այն բերել:
Ի՞նչ եք ակնկալում 2016թ-ից:
-2015 թվականը շատ հետաքրքիր տարի էր ինձ համար և լի հաջողություններով: Հուսով եմ, որ 2016 թվականն ավելի հետաքրքիր և հաջողակ տարի կլինի: Ակնկալում եմ նոր ձեռքբերումներ, նոր հրավերներ, համագործակցություններ, նոր երգեր, տեսահոլովակներ, համերգներ, և իհարկե կրթությանս և մասնագիտական ոլորտում առաջընթաց, բարձր արդյունքներ:
-Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին, հարազատներին և հայությանը:
-Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը: Աշխարհին մաղթում եմ խաղաղություն: Բոլորի ընտանիքներում թող թևածի ջերմությունը, երջանկությունը, իսկ սրտերում՝ սերը, հավատը և բարությունը:
Operativ.am-ը շնորհավորում է երգչուհուն Ամանորի կապակցությամբ և մաղթում հաջողություններ: