Անկախ ամեն ինչից՝ Ամանորին հրաշքի ես սպասում. Արփինե Իսրայելյան
2016 թվականն արդեն ազդարարեց իր մեկնարկը, իսկ 2015 թվականն արդեն անցավ պատմության գիրկը, որը յուրաքանչյուրս կհիշենք յուրովի: 2015 թվականը բարեհաջող էր դերասանուհի Արփինե Իսրայելյանի համար, ով բոլորիս հայտնի է «Աննա» և մի շարք այլ հեռուստասերիալներից: Դերասանուհին Ամանորի հետ կապված գեղեցիկ հուշերով, եկող տարվա ակնկալիքներով ու բարեմաղթանքներով կիսվել է Operativ.am-ի հետ:
Որո՞նք են եղել 2015 թվականի Ձեր ձեռքբերումները:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականն ինձ համար շատ լավ տարի էր, և այս մեկ տարվա ընթացքում եղած իմ ձեռքբերումների արդյունքները կերևան 2016թ-ին:
Արփինե՛, յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից սիրում է Ամանորը, թե ոչ, Ամանորի հետ կապված ունի վառ հուշեր: Կկիսվե՞ք մեզ հետ Ձեր հուշերով:
Իմ մանկության բոլոր Ամանորները շատ տպավորիչ են եղել, որովհետև կար հավատ: Հավատացել եմ Ձմեռ պապին, ով ինձ բերում էր ցանկալի նվերներ ու իրականացնում երազանքներս:
Իսկ ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ զգում եք, որ Ամանորը մոտենում է:
Ամեն դեպքում, անկախ ամեն ինչից, այս տոնից միշտ հրաշքի ես սպասում: Եվ կապ չունի՝ այն կատարվում է, թե ոչ:
Ի՞նչ սպասելիքներ ունեք 2016 թվականից:
Փորձում եմ չունենալ շատ մեծ ակնկալիքներ: Ամեն ինչ թողնում եմ՝ իր հունով ընթանա: Նպատակներ, բնականաբար, կան, բայց չեմ սիրում բարձրաձայնել դրանց մասին: Եկող տարին ցույց կտա 2015-ի արդյունքները:
Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին, ընկերներին և հայությանը:
Կմաղթեմ, որ գոնե ինչ որ չափով իրականանան բոլոր մարդկանց ցանկություններն ու նպատակները: Թող ոչ մի նպատակ 2016 թվականի վերջում անկատար չմնա: Հայ ժողովրդին մաղթում եմ ամենակարևորը՝ խաղաղություն և առողջություն:
Operativ.am-ը շնորհավորում է դերասանուհու Նոր տարին և մաղթում երջանկություն և նոր ձեռքբերումներ: