Իդեալական աստղային զույգեր. իրական սիրո պատմություններ
Cosmo.ru-ն ներկայացնում է իդեալական զույգերից Վիկտորյա և Դևիդ Բեքհեմների ու Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի սիրո պատմությունները:
Դևիդ և Վիկտորյա Բեքհեմներ
Ապագա կողակիցները հանդիպեցին այն ժամանակ, երբ երկուսն էլ իրենց հայտնիության գագաթնակետին էին: Ինչպես խոստովանում է Դևիդը, կայծը նրանց մեջ առաջացել է հենց առաջին հանդիպումից: Դևիդն արդեն հեռուստատեսությամբ տեսել էր Վիկտորյային և ցանկանում էր ծանոթություն հաստատել:
Սիրահարների կյանքի ամենահրաշալի պահերից մեկն այն էր, երբ Վիկտորյան իմացավ, որ հղի է: Եվ սա այն դեպքում, երբ բժիշկները պնդում էին, որ Վիկտորյան չի կարող երեխա ունենալ:
Ինչպես ցույց տվեց կյանքը, զույգը կարողացավ ունենալ ոչ թե մեկ, այլ չորս երեխա՝ երեք տղա և մեկ դուստր:
Սակայն ամեն ինչ չէ հարթ եղել նրանց կյանքում: 2002 թ-ին զույգը բաժանվելու ճանապարհին էր Դևիդ Բեքհեմի և իր օգնական Ռեբեկկա Լուսի՝ հնարավոր սիրավեպի պատճառով: Դևիդը երդվել էր, որ նման բան չկա, և դրանք ընդամենը ասեկոսեներ են: Վիկտորյան հավատացել էր իր սիրած տղամարդու երդումին և որոշել ամեն ինչ սկսել նորից:
Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի
Ամենաքննարկվող զույգն ամուսնացավ 2014 թվականին, սակայն ընտանիք տանող ճանապարհը փշոտ էր և դժվարություններով լի:
Երբ Ջոլին ու Փիթը նոր էին ծանոթացել, իրար չէին համակրում. Փիթը կարծում էր, որ Ջոլին՝ «Միստր և Միսիս Սմիթ» ֆիլմի իր խաղընկերը, կամակոր է, իսկ Ջոլին պնդում էր, որ դերասանը մեծամիտ է:
Սակայն ժամանակի ընթացքում գործընկերներն ընդհանուր լեզու գտան և անգամ սիրահարվեցին միմյանց: Այդ ժամանակ Ջենիֆեր Էնիստոնը, ով Բրեդի կինն էր, դարձավ սիրային եռանկյունու ավելորդ մի մասնիկ, և դերասաններն ամուսնալուծվեցին:
Իդեալական զույգն ունի վեց երեխա, որից երեքին նրանք որդեգրել են: