Ինչպե՞ս են Նոր տարին նշում աշխարհի հայերը
Հայերը այն քիչ ժողովուրդներից են, որոնք սփռված են ամբողջ աշխարհում: Սակայն դա չի խանգարում, որ նրանք նշեն Նոր տարին իրենց բնորոշ ձևով: Տարբեր երկրներում ապրող հայերը Նոր տարին տարբեր կերպ են նշում: Նույնիսկ միևնույն երկրում ապրող հայերը տարբեր կերպ են նշում Նոր տարին: Դա մեծապես պայմանավորված է նրանով, թե երբ են հայերը ժամանել տվյալ երկիր: Operativ.am-ը մի շարք ուսումնասիրություններ է կատարել, պարզելու համար, թե ինչպես են հայերը Նոր տարին և Սուրբ ծնունդն անցկացնում այլ երկրներում:
Պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայերի սերունդները, սովորաբար, պահպանում են իրենց հին բնակավայրերում տոնվող Ամանորի որոշ տարրեր, իսկ Հայաստանից վերջին շրջանում արտագաղթած հայերը Նոր տարին տոնում են ինչպես Հայաստանում: Հետաքրքիր է նաև այն, որ քրիստոնեական երկրներում հայերի մի մասը տոնում է Սուրբ ծնունդը նաև դեկտեմբերի 25-ին, իսկ մուսուլմանական երկրներում՝ հայերի մեծամասնությունը պահպանում է Արևմտյան Հայաստանից բերած իր սովորույթները: Սա հատկապես բնորոշ է Ֆրանսիայում ապրող հայերին: Այստեղ արևմտահայերի ժառանգները տոնում են թե՛ Նոր տարին, թե՛ Սուրբ ծնունդը (դեկտեմբերի 25-ին), իսկ վերջերս Ֆրանսիայում բնակություն հաստատած հայերը, Նոր տարին նշում են դեկտեմբերի 31-ին՝ այնպես, ինչպես դա տոնել են Հայաստանում:
Ավստրիայի հայերը ևս, Նոր տարին և Սուրբ ծնունդ նշում են այնպես, ինչպես Հայաստանում: Իսկ դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ ծնունդը նշում են սովորաբար երիտասարդներն ու ուսանողները, այն էլ միայն այն դեպքում, երբ իրենց հրավիրում են ավստրիացի ընկերները:
Ռուսաստանում դեկտեմբերի 31-ի գիշերը մարդիկ հավաքվում են ու միասին ուրախանում: Այստեղ, ասես Հայաստանը տեղափոխված լինի Ռուսաստան. ամեն ինչ այնպես է նշվում, ինչպես Հայաստանում: Տարբերությունը միայն այն է, որ Ամանորը դիմավորելուց հետո հաջորդ օրերին մարդիկ, հնարավոր է՝ քիչ այցելեն միմյանց, իսկ երիտասարդները հիմնականում հաջորդ օրերին գնում են այնպիսի վայրեր, որտեղ կարող են լիաթոք զվարճանալ:
Չինաստանի հայերը ավանդույթ ունեն Նոր տարին նշել նաև Չինաստանում Հայաստանի դեսպանատանը: Այստեղ հայերը գալիս են իրենց պատրաստած կերակուրներով՝ հիմնականում՝ տոլմա, հարիսա, խորոված:
Վրաստանում ապրող հայերը Նոր տարին դիմավորում են հայկական և վրացական խոհանոցին բնորոշ ուտեստներով: Իսկ Սուրբ ծննունդը վրացահայերի մի մասը՝ սովորաբար նրանք, ովքեր ապրում են Ջավախքում և Ախալքալաքում, նշում են հունվարի 6-ին՝ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով, իսկ մյուսները՝ հունվարի 7-ին՝ Ուղղափառ եկեղեցու տոնացույցով:
ԱՄՆ-ն այն երկրներից է, որտեղ հստակորեն ուրվագծվում են տարբեր ժամանակներում այստեղ եկած հայերի ավանդույթները: Արևմտահայերի ժառանգները Սուրբ ծնունդը նշում են ինչպես ամերիկացիները` դեկտեմբերի 25-ին: Ընդունված է երկու անգամ նվերներ տալ՝ Սուրբ ծննդին և Նոր տարուն: Նոր տարին նշում են նաև հայ համայնքի հետ միասին:
Լիբանանում ավանդական ձևով նշում են Սուրբ ծնունդը՝ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով: Բոլորն առաջին հերթին գնում են եկեղեցի՝ տոնական պատարագի, որից հետո ողջ ընտանիքով նստում են սեղանի շուրջ՝ ճաշակելով ձուկ, փլավ, կոնյակ և մրգեր: Իսկ Նոր տարին նշում են հիմնականում տնից դուրս:
Գերմանիայում հայերը միանգամից երեք տոն են նշում: Նրանք հիմնականում նշում են Սուրբ ծնունդը՝ դեկտեմբերի 25-ին, իսկ Նոր տարին՝ սովորաբար նշում են հայկական համայնքով՝ որևէ մեկի տանը: Հունվարի 6-ին, որոշ քաղաքների հայկական համայնքներ, պատարագ են պատվիրում եկեղեցում: