Կանայք տղամարդկանցից ավելի շատ են ձևացնում, թե ուրախ են ստացած նվերից
Բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք տղամարդկանցից ավելի շատ են ձևացնում, թե նվերը դուր է եկել իրենց։ Իրենց աշխատանքում գիտնականները նաև նշում են, թե ինչպս կարելի է բացահայտել՝ մարդիկ ուրախանում են, թե տխրում նվերը ստանալիս։ Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը։
Ըստ Սոցիալական խնդիրների հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումների, որոնցում մասնակցել են 2 հազար բրիտանացիներ, կանանց 80 տոկոսը չի խոստովանել, որ իրեն դուր չի եկել նվերը։ Հարցված տղամարդկանց շրջանում միայն 70 տոկոսն է պատրաստակամություն հայտնել ուրախ ձևանալ, որպեսզի չտխրեցնի մտերիմներին։ Հետազոտողները նաև պարզել են, որ բրիտանացիների երեք քառորդը հենց այդպես էլ վարվում է, երբ Սուրբ ծննդին ստանում է ոչ իր ակնկալած նվերը։
Ըստ գիտնականների, երբ մարդիկ ասում են «Շնորհակալություն», «Լավն է», «Հենց այն է, ինչ ես էի ուզում», սովորաբար այնքան էլ գոհ չեն լինում նվերից։ Անկեղծ ուրախությունն արտահայտվում է «Հիասքանչ է», «Վերջն է», «Չի կարող պատահել» և նման արտահայտություններով։