Ինչպե՞ս են նշում Ամանորը Ֆրանսիայում բնակվող հայերը (լուսանկար)
Աշխարհասփյուռ հայությունը նշում է 2016 թվականի գալուստը: Նրանց թվում է նաև մոտ 900 000 կազմող ֆրանսաբնակ հայությունը: Պարզելու համար, թե ինչպես են Ֆրանսիայում ապրող հայերը դիմավորում Ամանորը, Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Նևեր քաղաքի բնակիչներից Վահե Միրզոյանի հետ, ով նշեց, որ հայերը Ֆրանսիայում Նոր տարին դիմավորում են հայկական ձևով:
«Մենք հիմնականում պահպանում ենք հայկական ավանդույթները: Համեմատաբար փոքր քաղաքների բոլոր հայերը միմյանց ճանաչում են, և արդեն ավանդույթ է դարձել Նոր տարվա կեսգիշերին միասին հավաքվելը և տվյալ քաղաքի ողջ հայությամբ Նոր տարին միասին դիմավորելը: Այդպես է, օրինակ՝ Անգուլեմ, Շոմոն, Նևեր և այլ փոքր քաղաքներում»,- մեզ հետ զրույցի ընթացքում նշեց նա:
Ինչ վերաբերում է մեծ քաղաքներին, որտեղ հայերն ավելի շատ են, այդ թվում նաև՝ մայրաքաղաք Փարիզին, ապա այնտեղ իրար ճանաչող հայերը ընտանիքներով հավաքվում և խումբ-խումբ են նշում Նոր տարվա գալուստը:
Ֆրանսիայում բնակվող հայերը չեն մոռանում նաև հայկական, ավանդական ուտեստների մասին:
«Սեղաններից անպակաս են լինում հայկական տոլման, խորոված-քյաբաբը և իշլի քյուֆթան: Կանայք պատրաստում են նաև թխվածք՝ գաթաներ ու փախլավա»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք չեն մոռանում նաև հայկական երաժշտության մասին, որն ուղեկցում է իրենց ողջ գիշեր:
Ուշագրավ է այն փաստը, որ ժամային գոտիների տարբերության պատճառով ֆրանսահայերն Ամանորը դիմավորում են առնվազն երկու անգամ: «Ֆրանսիայի ժամանակով արդեն երեկոյան ժամը իննին մենք իրար շնորհավորում ենք, քանի որ Հայաստանում այդ ժամանակ կեսգիշեր է, և փոխվում է տարին: Այսպես վարվելու խորհուրդն այն է, որ մենք ցանկանում ենք հայերի հետ նույն րոպեին ուրախանալ ու նշել Ամանորի գալուստը: Իսկ երբ մեզ հետ են լինում ռուսահայեր, կամ մարդիկ, ովքեր հարազատներ ունեն Ռուսաստանում, նշում ենք նաև Ռուսաստանի ժամով, այսինքն՝ Նոր տարին դիմավորում ենք երեք անգամ»,- ծիծաղով փաստեց Վահեն:
Չմոռանանք, որ Ֆրանսիայի քաղաքացիների և Կաթոլիկ աշխարհի համար կարևոր նշանակություն ունի Սուրբ ծնունդը, որին նրանք առավել երկար են պատրաստվում, իսկ Նոր տարին հիմնականում դիմավորում են դրսում: «Մենք ֆրանսիացիների պես դեկտեմբերի 25-ի լույս գիշերը չենք նշում Սուրբ ծնունդը, այլ նշում ենք, ինչպես նշվում է Հայաստանում, դեկտեմբերի 31-ի գիշերը՝ Նոր տարին, իսկ հունվարի 6-ին՝ Սուրբ ծնունդը: Այդ օրն արդեն ամեն մարդ տոնում է իր տանը՝ ընտանիքի անդամների հետ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ուրախալի է, որ հայն իր տեսակը փորձում է պահպանել նույնիսկ օտար հողում: Իսկ հայու տեսակը հարատև կլինի հայկական ավանդույթների պահպանման դեպքում: