Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վստահ է, որ չի լինելու նոր ձևավորվող Կառավարության կազմում
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ՝ ճշտելու համար արդյոք վերջինս իրեն չի՞ տեսնում նոր ձևավորվող Կառավարության կազմում, թե ոչ:
-Պրն. նալբանդյան, ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը` որպես մարզպետ:
-Իմ աշխատանքը ե՞ս պիտի գնահատեմ,- հարցին հարցով պատասխանեց մարզպետը, -որքանո՞վ է բարոյական, որ ես տամ իմ աշխատանքի գնահատականը, իմ աշխատանքի գնահատկանը կարող է տալ Լոռու մարզի բնակչությունը և իհարկե Կառավարությունը:
Ըստ Ձեզ՝ Դուք նոր Կառավարության կազմում կլինե՞ք:
-Իմ որոշելու խնդիրը չէ, բայց վստահ եմ, որ ոչ:
-Ինչո՞ւ:
-Որովհետև նման թեմա երբեք չի քննարկվել:
-Դա կապ ունի՞ նախագահական ընտրությունների արդյունքի հետ, որ Լոռու մարզում գործող Նախագահը պարտվեց:
-Մեր մարզում գործող Նախագահը չի պարտվել, մեր մարզում շատ բարձր տոկոսներով է հաղթել:
-Խոսքը վերաբերում է մարզկենտրոն Վանաձորին:
-113 համայքնից կարող էր նաև երկու-երեք համայնքում պարտվել, ի՞նչ է եղել որ, այո, Վանաձորում պարտվել է:
-Պրն. Նալբանդյան, լինելով Լոռու մարզի բնակիչ, գիտեմ, որ սեր եք վայելում բնակիչների շրջանում, հատկապես՝ Ձեր ծննդավայր Ալավերդիում, թերևս դա էր պատճառը, երբ տարիներ առաջ Ալավերդու քաղաքապետի ընտրություններում Դուք և ԱԺ ներկայիս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էինք առաջադրվել, հաղթեցիք Դուք, ի՞նչ եք կարծում այդ հանգամանքը Ձեր՝ մարզպետ նշանակվելու կամ չնշանակվելու հարցում ինչ-որ դեր կխաղա՞:
-Ի տարբերություն մի քանի համայնքի ընտրությունների՝ Ալավերդի քաղաքում ընտրությունները միշտ անցել են շատ համերաշխ մթնոլորտում, ինչպես նաև՝2005 թվականին, այդ ընտրություններից անմիջապես հետո առաջին մարդն, ով ինձ շնորհավորել է, եղել է քաղաքապետի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
Մենք թե' ընտրություններից առաջ, թե' ընտրություններից հետո շատ նորմալ, մարդկային, ջերմ հարաբերությունների մեջ ենք: Նախկինում էլ, ներկայումս էլ լավ ընկերներ ու բարեկամներ ենք:
Զրուցեց Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆԸ