Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություն Դանիայում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում դեկտեմբերի 12-ից 13-ը Դանիայում ՀՀ դեսպանությունը` Դանիայի Ֆիլմինստիտուտի հետ համատեղ, կազմակերպել էր «Փրկության քարտեզ» (2015թ.) և «Նահապետ» (1977թ.) ֆիլմերի ցուցադրությունը Կոպենհագեն և Օրհուս քաղաքներում:
Ռեժիսյոր Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» խաղարկային- փաստավավերագրական ֆիլմը պատմում է հինգ մարդասերներ` Մարիա Յակոբսենի, Կարեն Եփփեի, Բոդիլ Բյորնի, Ալմա Յոհանսոնի և Աննա Բյուլի մասին, որոնք փրկել և նոր կյանք են տվել ցեղասպանության տարիներին որբացած հազարավոր հայ մանուկներին և մազապուրծ եղած կանանց:
Ֆիլմերի ցուցադրությանը նախորդած իր ելույթում դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշել է, որ Ցեղասպանության արհավիրքներով անցած հայ ժողովուրդը չկորցրեց մարդկության հանդեպ իր հավատքը նաև «Փրկության քարտեզ» ֆիլմում ներկայացված մեծ անհատների և մարդասերների շնորհիվ:
Ֆիլմինստիտուտի Ծրագրերի խմբագիր Յեսպեր Անդերսենն, իր հերթին, նշել է, որ ֆիլմերի ցուցադրությունը անց է կացվում Ֆիլմինստիտուտի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Հանդիսատեսի հետ նաև հանդիպում ունեցան ֆիլմի մտահղացման հեղինակ և պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը և ֆիլմը վարող ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը, իսկ «Նահապետ» ֆիլմը հանդիսատեսին ներկայացրեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: