Ռուսաստանը անընդունելի է համարել Թուրքիայում «Россия 1» հեռուստաալիքի լրագրողների ձերբակալումը
Մոսկվան քննադատում է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում աշխատող «Россия 1» հեռուստաալիքի լրագրողներին ձերբակալելու և երկրից արտաքսելու թուրքական իշխանությունների որոշումը։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
ԱԳՆ-ն անընդունելի է համարել Թուրքիայի նման գործողությունը։ Այն նաև ենթադրել է, որ «Անկարան վախեցած է, որ «Россия 1» հեռուստաալիքի թղթակիցները կարող են բացահայտել կառավարության համար ոչ ցանկալի փաստեր թուրք-սիրիական սահմանին անօրինական գործունեության վերաբերյալ»։
Նախարարությունը նաև հիշեցրել է, որ լրագրողներին ձերբակալելու այս դեպքը վերջին շրջանում Թուրքիայում առաջինը չէ։ «Այս դեպքը ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ Թուրքիայում խախտվում են տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկյացուցիչների իրավունքները»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ը։
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Թուրքիայի հարավ-արևելքում ձերբակալվել է հեռուստաալիքի «Հատուկ թղթակից» հեռուստահաղորդման նկարահանող խումբը։ Թուրքական իշխանությունները հրաժարվել են բացատրություն տալ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությանը, որը անմիջապես կապ է հաստատել ձերբակալված խմբի հետ։