Երևանում բացվել է գեղասահքի ու հոկեյի բարձրակարգ մարզադպրոցը. ներկա է եղել նաև ՀՀ նախագահը (լուսանկարներ)
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել գեղասահքի դպրոցում, ծանոթացել պայմաններին, ապա դիտել է դպրոցի բացման առիթով պատրաստված գեղարվեստական ծրագիրը՝ գեղասահքի ցուցադրական ելույթներով:
Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը, որ հիմնադրվել է 1971թ.-ին և իր գործունեությունն իրականացրել Երևանի Բագրատունյաց 48/1 հասցեում, վերջին տարիներին գտնվում էր խիստ անբարեկարգ պայմաններում, իսկ սահադաշտը տևական ժամանակ չէր գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ կարճ ժամանակահատվածում իրականություն դարձած մարզադպրոցը կառուցվել է «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել Երևան քաղաքին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7.55 մլն ԱՄՆ դոլար: Եռահարկ դպրոցի հողատարածքի մակերեսը 1 հա է, կառուցապատված հողատարածքը՝ 4,360մ², որից 1,800մ² զբաղեցնում է 538 նստատեղով սահադաշտը: Դպրոցն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ խորեոգրաֆիայի դահլիճով, մեթոդական լսարանով, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքերով, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից եվրոպական արտադրության սարքավորումներով, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույքով, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններով:
Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում (հեծանվահրապարակի հարևանությամբ) գտնվող նորակառույց գեղասահքի մարզադպրոցը Երևանի ավագանու 25.11.2015թ.-ի որոշմամբ անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և կգործի անվանի գեղասահորդ Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ: