Թուրքիան և Ադրբեջանը որոշել են արագացնել գազամուղի կառուցումը
Թուրքիան Ադրբեջանի հետ պայմանավորվել է արագացնել Տրանսանատոլիական խողովակաշարի (TANAP) կառուցման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը։
«Բաքուն և Անկարան համաձայնվել են Տրանսանատոլիական խողովակաշարի կառուցումն արագացնելու անհրաժեշտության շուրջ։ Այսօրվա բանակցությունների արդյունքում էներգետիկայի նախարարությունների ղեկավարների առջև խնդիր է դրվում, որպեսզի Տրանսանատոլիական խողովակաշարը սկսի աշխատել նախատեսված 2018 թ-ից շուտ»,- հայտարարել է Դավութօղլուն Բաքվում։
Ներկայումս Ռուսաստան-Թուրքիա հակասությունների պատճառով վտանգի տակ է դրված «Թուրքական հոսք» գազամուղի կառուցումը, որը հնարավորություն կտար Ռուսաստանին հրաժարվել Ուկրաինական տարածքով ռուսական գազը տեղափոխելուց։
Ռուս-թուրքական հակասությունների ֆոնին ակնհայտ դարձավ նաև, որ Ադրբեջանը պաշտպանում է Թուրքիային։ «Ադրբեջանը և Թուրքիան միասին են, մենք աջակցում ենք և կաջակցենք միմյանց։ Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտններում, և այս այցելությունը կարևոր դեր կխաղա այդ կապերի ամրապնդման գործում»,- ավելի վաղ հայտարարել էր Իլհամ Ալիևը։