Պարույր Սևակ. «Անլռելի զանգակատուն» (Ղողանջ Եղեռնական). հատվածներ
Խանգարե՞լ: Ինչի՞ համար...
Գարուն էր: Չեկած ամառ'
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց' կրակի՜ պես...
-Գարուն ա, ձուն ա արել...
Գետերը մեր երերման
Հոսեցին' երակի՜ պես
-Արունը ջուր ա դառել...
Ձորերը շիրիմ դարձան,
Վիհերը գերեզմանոց.
-Ջուրը մեր տունն ա տարել...
Ամեն քար' լուռ մահարանձան,
Ամեն տուն' վառման հնոց...
-Բնավեր հավք ենք դարձել…
Ինչքան բառ' ո՜ղջը մրմունջ,
Ինչքան երգ' ո՜ղջը լալով.
-Զուլում էր, զուլու՜մ, լաո՛…
Թրի դեմ, սրի, հրի'
Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ.
-Տնավե՜ր-բնավե՜ր լաճ…
Մեր հողը, մեր հայրենին,
Մեր երկիրն ամայացավ.
-Սե՜վ կապիր, սեվսիրտ մարե…
Հինավուրց տոհմիկ մի ազգ
Չմեռավ, այլ… մահացավ.
-Գարուն ա, ձուն ա արել…
Գարուն էր: Ամառ եկավ,
Ձագ հանեց ձորում կաքավ,
Իսկ հայրը զրկվեց ձագից,
Իր պոռթկան թոնրի տաքից,
Իր մորից, հորից, յարից,
Իր բնից ու աշխարհից.
-Գարուն ա, ձուն ա արել…
…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա...
Գառնարած, հովիվ, նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից…
Կեսօրին էլ ո՞վ կերգեր.
-Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում…
Հնձվորը արտում մորթվեց
Իր ձեռքի սուր մանգաղով…
Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր.
-Քաղվորին հաց եմ բերում,
Բերանը մաց եմ թողում…
Ձկնորսը Վանա ծովում
Չըփրկվեց ճարպիկ լողով…
Աղջիկը զու՜ր էր կանչում
-Իմ ծամթել տամ լողվորչուն…
Երկրի մեջ մարդ չըմնաց'
Մարդ թաղեր մարդու նման…
Ա՜խ, մնար մե՛կը գոնե
Ու կանչեր.
-Դլե յամա՛ն…
…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա...
…Ջահերը վառ մնացին
Ժամերգվող եկեղեցում,
Ժամկոչին կախ տվեցին
Պարանից զանգակատան…
Ջաղացից աղուն բերող
Ալրոտված խեղճ գյուղացուն
Իր սայլը դագաղ դարձավ,
Ալյուրը' արնոտ պատան…
Մայրը ընկավ' ծիծը թողած
Իր փըմփլիկ մանկան բերնում,
Ծծի տեղ ցից խրելով'
Խեղդեցին մինուճարին…
Տատն ընկավ' ձեռքը մեկնած
Կըչկըչան հավի թառին –
Իր հիվանդ թոռան համար
Խորոտիկ ճուտ էր բռնում…
Կալի մեջ պապիկն ընկավ –
Իր ոսկե թեղն էր էրնում,
Որպեսզի տուրքը թուրքին
Օր առաջ շուտ վճարի…
Ով ծաղիկ հաց էր թխում'
Խորովվեց թոնրի ծխում…
Ով հասել ուխտատեղի,
Վառել էր մոմը դեղին,
Մոմի դեմ իջել էր ծունր
Ու հայցում էր Աստըծուն,
Որ բախշի մի լաճ տղա,
Իր արյամբ մոմը մարեց'
Չավարտած ՙՏե՜ր, քեզ մեղա՚ -ն…
-Գարուն ա, ձուն ա արել…
…Խոցեցին ու ջընջեցին,
Հատեցին հաստ ու բարակ,
Հոշեցին ու տանջեցին,
Փշրեցին, տվին կրակ,
Վաթեցին արյուն-արցունք,
Ներկեցին ձոր ու բարձրունք,
Քանդեցին երկինք մի լուրթ,
Մորթեցին մի ժողովուրդ,
Հացառատ մի ողջ աշխարհ
Սարքեցին փշրանք-նշխար,
Սու՜րբ նշխար' շա՜ն բերանում,-
Ուզեցին մեկ հայ թողնել,
Եվ այն էլ… թանգարանում…
-Գարուն ա, ձուն ա արել…