«Հաշտվենք մեր պատմության հետ». թուրք լրագրող
Թուրքական «Ռադիքալ» թերթում հրապարակվել է Ահմեթ Ինսելի ապրիլքսանչորսյան թեմայով հոդվածը՝ «Հաշտվենք մեր պատմության հետ» վերտառությամբ: Ստորև ներկայացնում ենք հոդվածում արված հեղինակի դիտարկումները:
«Ապրիլի 24-ին կրկին կհիշատակվի այն արհավիրքը, որ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում 98 տարի առաջ: Այդ թվականի ապրիլի 24-ին սկսվեց կայսրության հայ համայնքի՝ պատգամավորների, գրողների, լրագրողների, փաստաբանների, երաժիշտների, բժիշկների, գիտնականների ձերբակալումը և աքսորումը դեպի Այաշի, Չանքըրայի շրջաններ: Մտավորականների շարքերը լրացնում էին նաև համեստ ունեցվածքի տեր արհեստավորները և չքավոր հայերը: Տեղահանվածների մեծ մասը կամ աքսորի ճանապարհին մահացան, կամ էլ սպանվեցին: Միայն մի փոքր հատվածին թույլատրվեց վերադառնալ Ստամբուլ:
Ըստ ermenihaber.am-ի 1915 թվականին Օսմանյան կայսրության հայերից զատ տեղահանվեցին նաև ասորիները: Տեղահանված բնակչության ունեցվածքն անմիջապես բաժան-բաժան արվեց մուսուլման բնակչության մեջ: Ինչքից բացի մահմեդականներն իրար մեջ բաժանեցին նաև հայ կանանց և երեխաներին: Վերոնշյալ աղետից կարողացան փրկվել միայն բռնի կրոնափոխությամբ իսլամ ընդունած հայերը: Չնայած այդ դեպքում էլ հայերի ունեցվածքը առգրավվեց, իսկ Հանրապետական Թուրքիայի շրջանում բռնի կրոնափոխված, սակայն էթնիկ հայերը շարունակում էին բնակվել վախի մթնոլորտում: Արդյունքում Անատոլիան իսպառ զրկվեց իր հայ բնակչությունից:
Հայ ազգի` հազարավոր տարիների ընթացքում ստեղծած մշակութային հարստության ոչնչացումը ծրագրվել և իրագործվել է պետական ապարատի կողմից : Վերոնշյալ քաղաքականությունը Թուրքիայի կողմից շարունակվում մինչև այսօր: Օսմանցի մահմեդականներն են կատարել այդ զարհուրելի հանցագործությունը: Ոմանք դա ճանաչել են, ոմանք աջակցում են ճանաչմանը»:
Վերջում հոդավածագիրը նշում է.«Ներկայումս Թուրքիայի խաղաղության հաստաման գործընթացը միայն քրդական խնդիրը չէ, այլև մեր պատմության պանծալի էջերից մինչև ամոթ առաջացնող էջերի հետ առերեսվել կարողանալը: Նախևառաջ պետք է ինքներս մեր խղճի հետ կարողանանք հաշտվել: Դա էլ է մաս կազմում խաղաղությանը»: