Թեհրանում համերգը հետաձգվել է կին երաժիշտների պատճառով
Հայտնի իրանցի կոմպոզիտոր և Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Ալի Ռահբարին հաղորդել է, որ Թեհրանում կայանալիք համերգը հետաձգվել է, քանի որ երաժիշտների մեջ կանայք են եղել։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ելույթը դադարեցվել է մեկնարկից 15 րոպե առաջ։ «Արդեն դրվել էին աթոռները, ամեն ինչ պատրաստ էր, սակայն հանկարծ, նախքան մենք կսկսեինք նվագել ազգային հիմնը, նրանք հայտարարեցին, որ բեմին չի կարող կին լինել»,- նշում է Ռահբարին «Ֆրանս պրես»-ին տված իր հարցազրույցում։
Ըստ դիրիժորի, ինքն ի պատասխան նշել է, որ առանց կին-երաժիշտների ելույթը անհնար է, սակայն չի մանրամասնել, թե ով է հրահանգել թույլ չտալ կանանց բեմ դուրս գալ։
1979 թ-ի իսլամական հեղափոխությունից հետո Իրանում կանանց արգելվում է մենակատարներ լինել, սակայն առաջին անգամն է, որ սիմֆոնիկ նվագախմբի համերգը հետաձգվում է կին երաժիշտների առկայության պատճառով։