Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ այցելության ընթացքում ծանոթացել է «Թումո»-ի Դիլիջանի մասնաճյուղի ընդլայնման նախագծին (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր: Տավուշի մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Դիլիջանում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որի բացմանը Նախագահը մասնակցել է դեռևս 2013թ. հունվարի 26-ին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և զարգացման ծրագրերին, ինչպես նաև այնտեղ տեղակայված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը:
Նախագահին ներկայացրել են «Թումո»-ի Դիլիջանի մասնաճյուղի ընդլայնման նախագիծը, ըստ որի` հաշվի առնելով «Սիմոնյան կրթական հիմնադրամի» անվճար արտադպրոցական այդ ծրագրի կարևորությունը կենտրոն հաճախող Տավուշի մարզի երեխաների համար, որոշվել է «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի առաջին հարկաբաժինը ևս տրամադրել «Թումո» կենտրոնին, իսկ ԿԲ այցելուների կենտրոնն այնտեղից տեղափոխել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տարածք, որտեղ այն կկազմի նոր ստեղծվող ԿԲ թանգարանի մի մասը: Ըստ նախագծի հեղինակների, սա հնարավորություն կտա ընդլայնելու «Թումո» կենտրոնի գործունեությունն ու այն հասանելի դարձնել Տավուշի մարզի մի շարք այլ համայնքների երեխաների համար: