Կրակոցներ Բաքվի արվարձանում. կա 6 զոհ
Առնվազն 6 մարդ է սպանվել Բաքվից 25 կմ հյուսիս ընկած Նարդարան ավանում ոստիկանների և կրոնական համայնքի անդամների բախման արդյունքում։ Մահացածներից 4-ը տեղացիներ են, իսկ երկուսը՝ ոստիկանության աշխատակիցներ։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանն ու գլխավոր դատախազությանը։
Ձերբակալվել է 14 մարդ, որոնք, ըստ իշխանությունների, պատրաստվում էին հեղափոխություն իրականացնել։ Հաղորդվում է, որ կողմերը օգտագործել են հրազեն և նռնակներ։
Ադրբեջանական Haqqin լրատվական կայքը հայտնում է, որ տեղացիները փակել էին ավանի մուտքը։ Դեպի Նարդարան են շարժվել ՆԳՆ ներքին զորքերը։
Ավելի վաղ իրավապահները ձերբակալել էին Թալեհ Բագիրզադեին, որը գլխավորում է շիայական «Մուսուլմանական միություն» շարժումը։ Ըստ ԶԼՄ-ների, ավանը աչքի է ընկնում իր հոգևոր և ընդդիմադիր բնույթով։
Ըստ Ադրբեջանի ՆԳՆ և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության.«Զինված արմատական իսլամական խմբավորումը պատրաստում էր մի շարք սադրանքներ, ահաբեկչություններ և զանգվածային անկարգություններ»։