Հալի Բաթվինը հիացած է հայկական մշակույթով
Այսօր Մատենադարանում տրվեց «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այն մշակվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում և միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով:
Ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և Սմիթսոնյան ինստիտուտի Միջազգային կապերի գրասենյակի ավագ խորհրդատու Հալի Բաթվինը:
Հալի Բաթվինը նշել է, որ պատահական չէ հենց Մատենադարանում ծրագրի պաշտոնական մեկնարկի ազդարարումը, քանի որ այն աշխարհի միջնադարյան ձեռագրերի և գրքերի ամենահարուստ հավաքածուների պահոցներից է: Ընդգծելով, որ Սմիթսոնյան ինստիտուտի ծրագրերի նպատակը համաշխարհային մշակույթների արժևորումն է, պահպանումն ու կայուն զարգացումը՝ Հալի Բաթվինն ասել է, որ տպավորված է հայկական հարուստ մշակույթով, և որևէ երկրում հայկական եկեղեցիների նմանը չի տեսել: Սմիթսոնյան ինստիտուտի ներկայացուցիչը վստահեցրել է, որ «Իմ Հայաստան» ծրագրի միջոցով կգործադրվի ամեն ջանք՝ Հայաստանի որպես մշակութային հարուստ ու ինքնատիպ ժառանգություն ունեցող երկրի դերն ու արժեքն աշխարհում ներկայացնելու և ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» քառամյա ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում՝ հետազոտությունների, գիտական գործունեության, արհեստների սատարման, կարողությունների բարձրացման և տուրիզմի զարգացման հանդեպ ոչ ավանդական մոտեցման կիրառման միջոցով: Ծրագիրը կոչված է նաև նպաստելու երկրի գյուղական համայնքների զարգացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը, մեր երկրի բնական և մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Ծրագրին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ [email protected] էլեկտրոնային կայքում: 1846 թ. հիմնադրված Սմիթսոնյան ինստիտուտն աշխարհի խոշորագույն թանգարանն ու հետազոտական համալիրն է, որի կազմում մտնում է 19 թանգարան և պատկերասրահ, Ազգային կենդանաբանական այգին և 9 հետազոտական հաստատություն: Ինստիտուտի պատմական կամ գեղարվեստական արժեք ունեցող իրերի և նմուշների մոտավոր թիվը 138 մլն է: