Զբոսաշրջությունից ստացվող եկամուտները լայնորեն տարածելու համար անհրաժեշտ է Երևանից դուրս ձևավորել տուրիստական վայրեր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Այսօր Մատենադարանում տրվեց «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այն մշակվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում և միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով:
Ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և Սմիթսոնյան ինստիտուտի Միջազգային կապերի գրասենյակի ավագ խորհրդատու Հալի Բաթվինը:
Իր ելույթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ Հայաստանը հարուստ մշակութային ժառանգություն և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր է, և «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը քարտեզի վրա հայտնի դառնա որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային երկիր: Պարոն Միլսը նշել է, որ քառամյա ծրագրի արժեքը 5 մլն ԱՄՆ դոլար է, և այն կոչված է ոչ միայն խթանել Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացումը, այլև ընդլայնել մեր երկրի գյուղական համայնքների տնտեսական զարգացման հնարավորությունները՝ դրանով իսկ նպաստելով նաև ՀՀ տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը: Նրա խոսքով՝ զբոսաշրջությունից ստացվող եկամուտները լայնորեն տարածելու համար անհրաժեշտ է Երևանից դուրս ձևավորել տուրիստական վայրեր, ինչը գրավիչ կլինի զբոսաշրջիկների համար, կդրդի նրանց այցելել նաև մարզեր և ավելի շատ գումար ծախսել գյուղական համայնքներում: Հայաստանում ԱՄՆ դեսպանը կարևորել է ծրագրի շարունակականությունը՝ ընդգծելով, որ շատ ուրախ է և ոգևորված Հայաստանի համար նման կարևոր և հետաքրքիր հնարավորության համար: