Ինչո՞ւ է Ադրբեջանը վախենում զայրացնել Ռուսաստանին. BBC-ի մեկնաբանությունը
Ադրբեջանի քաղաքական շրջանակներում և զանգվածային լրատվության միջոցներում, որպես կանոն, Ռուսաստանին չեն քննադատում: Իսկ Արևմուտքը (ԱՄՆ-ը և Եվրոպան) անընդհատ դառնում են քննադատության առարկա: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը` վերլուծելով Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները:
Կառավարությանը մոտ կանգնած պաշտոնյաները, պատգամավորները, ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներրը, լրագրողները մեղադրում են Արևմուտքին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Մասնավորապես, նրանք նշում են Ղարաբաղյան հակամարտությունը և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելը, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին: Այժմ այդ քննադատությունը նոր մակարդակով է հնչում` պետության առաջին դեմքի անունից: Նոյեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ Ադրբեջանը կարիք չունի ինտեգրվել եվրոպական համայնքին «իսլամաֆոբիայի և խտրականության» ֆոնին: Ըստ նախագահի՝ տարածաշրջանում կայունության երաշխիքը Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններն են:
Ինչպես գիտենք, Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին նախագահում է ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ: Ադրբեջանը բազմիցս է արտահայտել իր դժգոհությունը Մինսկի խմբի աշխատանքներից, բայց ոչ մի անգամ չի քննադատել Ռուսաստանին, որ հակամարտությունը արդեն 20 տարի է` մնում է չլուծված: Քննադատվողների դերում են միշտ եղել Ֆրանսիան և ԱՄՆ-ը:
Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը տարվա սկզբին ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում մեղադրել է ԱՄՆ-ին Լեռնային Ղարաբաղի հայերին ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ, այն դեպքում, երբ այլ շրջաններում նման դեպքերում ԱՄՆ-ը վարում է սանկցիաների քաղաքականություն և արգելում է իր ֆինանսական հաստատություններին աշխատել այդ ոլորտներում: Ադրբեջանական քաղաքական գործիչները չեն հոգնում կրկնելուց, որ «Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի մոտ», և որ անհրաժեշտության դեպքում «մենք «կազատագրենք մեր հողերը» ռազմական ճանապարհով»:
Սակայն, ինչպես նշում է «BBC»-ն, այս լոզունգների սիրահարները մոռանում են, որ հայկական Գյումրի քաղաքում կա ռուսական բազա, որի վարձակալության ժամկետն ավարտվում է 2044 թ-ին: Ավելին, Հայաստանը Ռուսաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ է: Սա հայերի համար անվտանգության լուրջ երաշխիք է:
Ռուսաստանը զենք է մատակարարում թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին: Այնուամենայնիվ, Ադրբեջանում Ռուսաստանին համարում են ռազմավարական գործընկեր և խուսափում են մամուլում քննարկել ռուս-հայկական սերտ հարաբերությունները: