Փարիզում կայացած երաժշտական մրցույթում Հայաստանը զբաղեցրել է 1-ին տեղը (լուսանկարներ)
3 տարեկանից երգ ու պարով զբաղվող Միլենա Գևորգյանը հոկտեմբերի 31-ին Փարիզում կայացած միջազգային մրցույթում ներկայացրել է Հայաստանը և բարձր պահել մեր երկրի պատիվը: Operativ.am-ը զրուցել է երգչուհու հետ երաժշտական գործունեության և մրցույթի մասին մանրամասներ իմանալու նպատակով: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
1. Ե՞րբ և որտե՞ղ է կայացել մրցույթը:
-Հոկտեմբերի 31-ին՝ Փարիզում, տեղի ունեցավ «Je t'aime Paris» միջազգային մրցույթը, որտեղ ես ներկայացրեցի Հայաստանը:
2. Որտեղի՞ց եք ստացել մրցույթին մասնակցելու առաջարկը:
-Մրցույթի մասին ինձ տեղեկացրել է «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի նախագահ Արման Ղուկասյանը:
3 Ի՞նչ երգեր եք կատարել և ո՞ւմ ընտրությամբ:
-Մեկ երգ երգել եմ հայերեն, որը պարտադիր էր, և 2 երգ՝ անգլերեն: Երգի ընտրությունն իմ և իմ շատ սիրելի վոկալի դասախոս Մերի Կարապետյանին է եղել:
4 Քանի՞ երկիր է մասնակցել մրցույթին:
-Մասնակցում էր 15 երկրի ներկայացուցիչ: Նրանք ներկայացրեցին արվեստի տարբեր ճյուղեր. պար, գործիքային, երգ և այլն:
5 Ո՞ւմ էիք մրցակից համարում:
-Բոլորս էլ պայքարում էինք հաղթանակի համար, բայց մեզ համար կարևորը մասնակցությունն էր:
6 Ո՞ր տեղը զբաղեցրիք:
-Անհամբեր սպասում էինք ժյուրիի գնահատականների ամփոփմանը: Երբ արդյունքները հայտարարեցին, առաջին պատվավավոր տեղի համար հնչեցրին իմ անունը և ես շատ ուրախացա:
7 Սա Ձեր ո՞րերորդ մրցանակն է:
-Երբ ես փոքր էի, կարծում էի, որ պարն ինձ համար ավելի կարևոր է, և ես ուզում էի շարունակել այդ ուղին: Մրցույթների եմ մասնակցել և մրցանակներ ունեմ պարի ասպարեզում, իսկ երգի ասպարեզում՝ սա իմ առաջին մրցանակն է: Հիմա հասկանում եմ, որ երգն իմ տարերքն է:
8 Առաջի՞ն անգամ էիք մասնակցում միջազգային մրցույթի:
-Երգի ասպարեզում՝ այո:
9 Ի՞նչ տվեց այն Ձեզ:
-Նախ, ես օտարերկրյա ընկերներ ձեռքբերեցի, ինչպես նաև վստահություն, համարձակություն, հպարտություն, և ամենակարևորը՝ հաղթանակ, որի շնրհիվ ես իմ երկրի դրոշը բարձր պահեցի:
10 Ինչո՞վ եք զբաղվում այժմ:
-Մրցույթից հետո ես հրավեր ստացա նոր մրցույթի մասնակցել Սանկտ Պետերբուրգում: Հիմա ես այդ մրցույթին եմ պատրաստվում, հուսամ՝ կրկին հաղթանակով կվերադառնամ:
11. Քանի՞ տարեկանից եք երգում և երաժշտական ի՞նչ կրթություն ունեք:
-Երեք տարեկանից երգում եմ: Մանկությունս բեմի վրա եմ անցկացրել. Սկզբում եղել եմ «Արևներ»-ում, այնուհետև, մինչև 12 տարեկանս եղել եմ «Արևիկ» անսամբլի սանը:13 տարեկանից իմ անհատական ուղին սկսել եմ Ռ ոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջի էստրադային վոկալի դասախոս, 2014թվականին «Տարվա լավագույն վոկալի մասնագետ» ճանաչված Մերի Կարապետյանի մոտ:
12 Ո՞րն է Ձեր երազանքը:
-Երազանքներ շատ ունեմ և հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում դրանք կիրականանան:
13 Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Բացի Սանկտ Պետերբուրգից հրավեր ունեմ նաև Բարսելոնայից:
Operativ.am-ը հաջողություններ է մաղթում փոքրիկ երգչուհուն: