Կանադայի Տորոնտո քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ է տեղի ունեցել
Նոյեմբերի 7-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի հովանու ներքո Տորոնտո քաղաքի Արվեստների կենտրոնում կայացավ հայազգի աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգի խմբավարն էր հռչակավոր Նուրհան Արմանը` հայտնի ջութակահարուհի Նունե Մելիքյանի մասնակցությամբ:
Համերգին ներկա էին դեսպան Արմեն Եգանյանը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ կանադացիներ:
Իր խոսքում դեսպան Եգանյանը, շնորհակալություն հայտնելով Հասմիկ Պապյանին և միջոցառման մյուս մասնակիցներին, ընդգծեց համերգի կարևորությունը` նշելով, որ Կանադայում կայացած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում այն իր առանձահատուկ տեղն ունի, քանզի դրա միջոցով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հանրային ավելի մեծ հնչեղություն են ձեռք բերում: Դեսպանը շեշտեց առաջիկայում ևս Կանադայում նմանատիպ համերգներ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Համերգի ընթացքում “Sinfonia” նվագախմբի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Միրզոյանի, Վաչե Շարաֆյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: