Ցեղասպանության հիշատակման միջոցառումներ Թուրքիայում` ապրիլի 24-ին. այցելություն կլինի նաև սպանված զինծառայող Սևակի գերեզմանին
Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի' Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի այլատյացության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովն այս տարի ապրիլի 24-ին նախատեսում է կազմակերպել ցեղասպանության հիշատակման միջոցառումներ:
Այս միջոցառումներին որպես հյուր կմասնակցի Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանը: Հիշատակման միջոցառումները կմեկնարակեն Օսմանյան ժամանակաշրջանում Քյութահյայի նահանգապետ Ֆաիք Ալի բեյի գերեզման կատարվելիք այցելությամբ: Ֆաիք Ալին իր ղեկավարած նահանգում 1915-ին ի կատար չի ածել իշխանությունների ընդունած բռնի տեղահանության մասին որոշումը: Նա հրաժարվել է կատարել նաև բռնի կրոնափոխության հրամանը:
Այնուհետև միջոցառման մասնակիցները կհավաքվեն թուրք-իսլամանական ստեղծագործությունների թանգարանի դիմաց, որը 1915թ. ծառայել է որպես կենտրոնական բանտ: Սպանվելուց առաջ մի որոշ ժամանակ այստեղ են պահվել հայ մտավորականները:
Միջոցառման ընթացքում կցուցադրվի մի մեծ վահանակ, որի վրա նշված կլինեն Օսմանյան կայսրությունում հայերի բնակեցրած 2300 գյուղ ու գյուղաքաղաքների տեղանունները: Արա Սարաֆյանը հանդես կգա ելույթով: Ելութ կունենա նաև ասորական համայնքի ներկայացուցիչ, ով կպատմի 1915թ. ասորիների վերապրած իրադարձությունների մասին:
Ermenihaber.am-ը գրում է, որ այս միջոցառումից հետո մասնակիցները կայցելեն 2011թ. ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթմանի զորամասում ծառայակցի կողմից սպանված հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալքչըի գերեզման: