«Տարոնցիներ» ազգագրական երգի և պարի համույթը՝ առաջիկա ծրագրերի և ղեկավար չունենալու մասին (տեսանյութ)
Մշակույթ«Տարոնցիներ» ազգագրական երգի և պարի համույթը, որը շուտով կտոնի իր 2 ամյակը, թեև կարճ ժամանակ է գործում, սակայն հասցրել է բազմաթիվ միջոցառումների անբաժանելի մասնիկը դառնալ և տարածել Տարոն աշխարհի բնակավայրերի երգերն ու պարերը: Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում «Տարոնցիներ»-ը նշեցին, որ ղեկավար չունեն, և որ ամեն բան որոշվում է ողջ խմբի կողմից:
Համույթի մասին մանրամասների և առաջիկա ծրագրերի մասին հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
-Ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել խումբը:
- Խմբի մեծամասնությունը եղել է Մգրո Սարգսյանի անվան համույթից, սակայն հանգամանքների բերումով, ընդհանուր որոշում է կայացվել, որ պետք է առանձին գործել: Խմբի միասնականության շնորհիվ 2014թ.-ի փետրվարի 20-ին ստեղծվեց «Տարոնցիներ» համույթը: Քանի որ խմբի անդամների մի ստվար մասն արմատներով մշեցիներ և սասունցիներ են, իսկ Մուշն ու Սասունը Տարոն աշխարհի բնակավայրեր են հանդիսանում, հետևաբար, խումբը կոչվեց հենց այդպես՝ «Տարոնցիներ»:
-Քանի՞ անդամ ունի խումբը:
-Խումբը սկզբնական շրջանում բաղկացած էր 12 հոգուց, սակայն պարբերաբար համալրման շնորհիվ խմբում տվյալ պահին կա 30-ից ավել երիտասարդ:
-Դճվար չէ՞ առանց ղեկավարի:
-Ոչ, քանի որ հենց մեր միասնականությունն է ամեն ինչ ղեկավարում և հասցնում արդյունքի:
-Ինչպիսի՞ երգեր եք կատարում:
-Մենք՝ պահպանելով խմբի անվանումը, ներկայացնում ենք Տարոն աշխարհի բնակավայրերի երգերն ու պարերը, որոնք մեզ են փոխանցվել: Փորձում ենք որքան հնարավոր է մեր ազգային հին երգերը նորովի մատուցել:
-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել աշխատանքի ընթացում:
-Դժվարությունների ենք բախվում այն ժամանակ, երբ որևէ գործողություն ենք ձեռնարկում և պարտադիր որևէ խանգարող հանգամանք է լինում, սակայն մեր ոգին և միասնականությունը կարողանում է հարթել յուրաքանչյուր հարց, նույնիսկ բնությանը: Դժվարություններ նաև կապված են լինում այն բանի հետ, որ երբեմն երգեր ընտրելիս տարակարծություններ են լինում, բայց յուրաքանչյուր հարց քննարկման շնորհիվ հարթվում է: Բացի այդ, նաև դժվարություն է լինում, երբ նոր անդամ է ընդգրկվում, քանի որ ոչ բոլոր նոր անդամները կարող են տարոնցի համարվել, իրենք պետք է որոշակի փորձաշրջան անցնեն, միայն պարելով չէ, որ որոշվում է, քանի որ նա պետք է նվիրյալ լինի և կոնֆլիկտներ չստեղծի խմբում:
-Հե՞շտ է խմբով աշխատել, և որոնք են առավելությունները:
-Համույթի առավալություններից է համարվում խմբի միասնականությունը, որտեղ որոշումներն ընդունվում են ընդհանուր քննարկման միջոցով: Յուրաքանչյուրի կարծիքը շատ կարևոր է անդամների համար: Այս ամենին ի լրացում ՝ սովորաբար մեր լավ գաղափարները, ծնվում են անսպասելի՝ խմբում, այլ ոչ թե մեկ մարդու որոշմամբ:
-Ի՞նչ ծրագրերի մասնակցելու հրավերներ եք ստանում:
Հրավերք ենք ստանում տարբեր փառատոնների, որոնցից են «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնը, խմբի մասնակցած փառատոններից մեկը, որի ընթացքում ձեռք բերվեցին ընկերներ տարբեր երկրներից: Արդեն երկրորդ տարին է մասնակցություն ենք ունենում նաև «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնին: Հաճախակի մասնակցում ենք բարեգործական միջոցառումների ՝ ծերանոց, զորամասեր և երեխաների խնամքի կենտրոն: Հրավերներ ենք ստանում նաև տարբեր հեռուստաընկերություններից, որպեսզի ներկայացնենք ազգային երգն ու պարը:
-Ի՞նչ կարող է հանդիսատեսը առաջիկայում սպասել համույթից:
Առաջիկայում նոր ձայնագրություններ ու տեսահոլովակ կունենանք: