Հայկական նորաձևության օր՝ Մոսկվայում. ԲԱՑԱՌԻԿ հարցազրույց (լուսանկարներ)
2015թվականի նոյեմբերի 27-ին Մոսկվայում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձևության օր: Միջոցառման խորագիրն է «armFASHIONday», որին կմասակցեն ինչպես ռուսաստանյան նորաձևության լայն շրջանակներին հայտնի մոդելավորողներ՝ Անի Մանուկյանը՝«Ani Manoukian», Նարինե Հարությունյանը՝ «NARNY», ինչպես նաև սկսնակ, բայց տաղանդավոր հայուհիներ՝ Արաքսիա Վիտան՝ «Araksia Vita» Արմինա Գոմցյանը` «A.Գreeg», Րեգինա Ակոպովան՝ «Regina Akopova», Աննա Մուրադյանը` «Amurstyle»:
Տոնի կազմակերպիչը ՌԴ-ում բնակվող մեր հայրենակցուհի, հաղորդավարուհի Նաիրա Նիազյանն ու ընկերներն են՝ Անյա Փալազյան, Լիանա Խուդավերդյան, Աղասի Մարտիրոսյան, Ցողինե Խալաթյան և այլք:
Միջոցառման շրջանակներում հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն հայազգի 7 մոդելավորողի հագուստների հավաքածուները՝ ամենօրյայից մինչև կուտյուրային:
Հայաստանից մոսկովյան նորաձևության տոնին կմասնակցի դիզայներ Արտյոմ Սյուննեցին՝«Artem Syuneci»-ն:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Նաիրան նշեց, թե ինչպես է առաջացել միջոցառումը կազմակերպելու գաղափարը:
«Հաճախակի եմ տարբեր հաղորդումների շրջանակներում հանդես եկել վերոնշյալ հայ դիզայներների հագուստներով, ինչպես նաև մասնակցել բազում ֆոտոշարքերի՝ որպես ֆոտոմոդել: Այդպես, միտք առաջացավ նրանց բոլորին ներկայացնել մոսկվաբնակ հայ հանրության ուշադրությանը՝ մասշտաբային միջոցառման շրջանակներում, ինչպիսին նոյեմբերի 27-ին կայանալիք «armFASHIONday»-ը կլինի»: