Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը՝ Սիրիայի հարցում
Թեհրանի ներկայացուցիչները մտադիր են մասնակցել սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ միջազգային բանակցություններին: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդել է Իրանի արտաքին գործերի գերատեսչությունը, արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հոկտեմբերի 30-ին Վիեննայում Թուրքիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ համատեղ կմասնակցի Սիրիայում ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Իրանի հետ.«Մեզ համար կարևոր է, որ քննարկմանը կմասնակցեն մեր գլխավոր գործընկերները: Նրանք (իրանական իշխանությունները) կարող են դառնալ մեր գլխավոր գործընկերը, բայց առայժմ չեն հանդիսանում այդպիսին»:
Իրանը կմասնակցի Սիրիայի միջազգային բանակցություններին առաջին անգամ: Լինելով կարևոր խաղացող սիրիական հակամարտության մեջ` նա պաշտպանում է գործող նախագահ Բաշար Ասադի շահերը: