Իրանն ակտիվացնում է իր ներգրավվածությունը Սիրիայում
Սիրիական բանակի կողմից Հալեպի հարավում սկսած հարձակումները վկայում են այն մասին, որ Իրանի ներգրավվածությունը Սիրիայի հակամարտության մեջ մեծանում է:
Ինչպես հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը, պաշտոնական Թեհրանը հերքում է, որ Սիրիայում գործում են իր բանակային ստորաբաժանումները, սակայն հարձակման մեկնարկից մեկ շաբաթ առաջ նոր հաղորդագրություններ հասան, թե Սիրիա են ժամանում հարյուրավոր իրանական զինվորականներ:
Իրանը նաև հայտարարել է, որ Սիրիայում զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ:
Համաձայն իրանական աղբյուրների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 18 բարձրաստիճան սպա է զոհվել Սիրիայում վերջին երեք տարիների ընթացքում: Սակայն մեկ շաբաթում 4 բարձրաստիճան սպայի մահը վկայում է, որ Իրանը մասնակցում է պատերազմին ավելի մեծ չափով, քան նախկինում խոստովանել էր: