Իմ ջերմ ու բարի քաղաք. Երևանը 2797 տարեկան է
Երևանն այսօր նշում է իր հիմնադրման 2797-ամյակը, որն այս տարի կանցնի «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրի ներքո:
Այս տարի միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր։
«Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից. հրատարակվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տոնակատարության մասին։
Գեղեցիկ միջոցառումներ էին Ծաղկի տոնը, Երգի տոնը, որի ժամանակ 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց «Էրեբունի-Երևան» օրհներգը։
Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երևանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց «Էրեբունի», բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նախագծվեց «Էրեբունի» գորգը, 2750 ծառ տնկվեց Արին-Բերդի ստորոտում և, վերջապես, հոբելյանական զանգվածային միջոցառումները եզրափակվեցին Հանրապետական մարզադաշտում` հանրահավաք-տոնահանդեսով։
Քաղաքի հրապարակներում, պողոտաներում, այգիներում, պուրակներում ու փողոցներում պատրաստված բեմահարթակների վրա մի քանի օր շարունակվում էին արվեստի խմբերի համերգները, երգի ու ցնծության հանդեսները։
Ավանդական դարձած այս տոնը տարեցտարի դարձավ ավելի բազմաբնույթ, ավելի ժողովրդական։