Նախընտրական ցուցապաստառների և կարգախոսների ազդեցությունն՝ ըստ հոգեբանի
Operativ.am-ի թղթակիցն ընտրական քարոզարշավի շրջանակներում ցուցապաստառների և կարգախոսների հոգեբանական ազդեցության մասին զրուցեց հոգեբան Արամ Գյուրջյանի հետ.
«Յուրաքանչյուր տիպի ագիտացիոն հնարքի և հատկապես պաստառների առաջին նշանակետը, որ ունեն, ասոցատիվ նշանակետ ստեղծելն է, այսինքն` մարդը, որ տեսնում է պատկերը, ասոցացնում է այն իր համար որևէ կարևոր, հարազատ հոգեվիճակի հետ, և դա իր մոտ որոշակի վերաբերմունք է ձևավորում: Այդ առումով մասնագետներն առաջնահերթ ուշադրություն են դարձնում գույների սպեցիֆիկային, որովհետև հոգեբանության մեջ կա շատ կոնկրետ տարանջատում, և՛ գույների նշանակության, և՛ համադրության առումով»,- նշեց Գյուրջյանը:
Ըստ հոգեբանի՝ գույներ կան, որոնք ներշնչում են հեղինակություն, վստահություն, որոշ գույներ` ագրեսիվություն են խորհրդանշում: Երբ թեկնածուն ցանկանում է, որ իր նկատմամբ պոզիտիվ վերաբերմունք լինի, իր պաստառը լինում է կանաչ. կանաչի համադրությունը ասոցացվում է առողջության, կյանքի և կենսականության հետ: Շատ ազդեցիկ է դեղինի հետ կապույտի համադրությունը, այն դեպքում, երբ առաջնորդն ուզում է ապացուցել, որ վստահ է իր ուժերի մեջ. դա առանձնահատուկ կայունության տպավորություն է ստեղծում:
«Այդ ամենը պետք է անել ճաշակով, չափի մեջ, որպեսզի այն ոչ միայն առաջին պլան մղվի, այլև տրամադրություն ստեղծի»,- ասաց հոգեբանը:
Նրա խոսքով` մեծ նշանակություն ունի նաև կարգախոսը. ճիշտ է` տրամադրության ստեղծումը նույնպես կարևոր է, բայց ամեն թեկնածուի հաղթաթուղթը հենց կարգախոսն է. այն պետք է լինի կարճ, տպավորիչ. «Կարգախոսը, որը մի անգամ լսելուց հետո զգում ենք, որ հենց մեզ է հաճելի, այն դառնում է չգիտակցված, բայց արդեն մեր սեփականությունը, նման կարգախոսը մշտապես արդյունավետ է լինում»,- նշեց Գյուրջյանը:
Հոգեբանի խոսքով՝ յուրաքանչյուր թեկնածու՝ նախնական, գոնե իր համար պետք է մոնիթորինգ անցկացնի և հասկանա, թե հասարակությունն ինչ ակնկալիքներ և առաջնահերթ ինչ խնդիրներ ունի, որովհետև անգամ իր ասած կարճ բառի մեջ թեկնածուն պետք է հասկացնի, որ ծանոթ է քաղաքացիների խնդիրներին:
Խոսելով հաջողակ կարգախոսի մասին՝ Գյուջյանը նշեց Վլադիմիր Պուտինի կարգախոսի մասին. «Հետելցինյան շրջանում, երբ Պուտինը "Вперед Россия" կարգախոսն առաջ քաշեց, նա ասաց, որ այդտեղ հաշվի էր առնվել, որ իր երկրի մեծամասնությունը, որը նախկինում իրեն ընկալել են որպես ուժեղ կայսրության ժառանգորդ, որը կորուստներ է ունեցել և մրցավազքից հետ է ընկել, դա ժողովրդի ամենանվիրական չգիտակցված ցանկությունն էր՝ կապված երկրում քաղաքական ուժի հետ, և Պուտինն իր վստահ կեցվածքով լրացուցիչ ամրապնդեց նաև մարդկանց դեպի առաջ գնալու ցանկությունը և ապացուցեց, որ այն մարդն է, ով նույնպես դա է ցանկանում: Նման դեպքերում, երբ կարգախոսը հավաքական պատասխանն է մեր ակնկալիքներին ու նվիրական ցանկություններին, ապա դա շատ հստակ արդյունք է տալիս:
Հոգեբանը հիշատակեց նաև այն տեխնոլոգիայի մասին, երբ թեկնածուն քարոզարշավի ժամանակ սկսում է թվարկել բոլոր այն դժվարությունները, որոնք առկա են, սակայն այդ թվարկումների արդյունքում մարդիկ չեն տեսնում մի հավաքական իշխող խորհուրդ, որը իր կողմից լուծում տա, այս դեպքում թեկնածուն ինչքան էլ խելացի մեկնաբանություն տա, բայց կարգախոսի բացակայությունն այն ընկալմանն է բերում, որ այս ամենը մենք շատ լավ գիտեինք՝ առանց իր մեկնաբանությունների:
Այն հարցին, թե արդյոք շահեկա՞ն են ավելի, որ որոշ թեկնածուների ցուցապաստառներ ավելի շատ են ցուցադրվում քաղաքի որոշ հատվածներում, հոգեբանը պատասխանեց.
«Եթե ցուցապաստառները շատ են որոշ առումներով ավելի էժանացնում ու հեղինակազրկում են, դա շատ նման է մարդկային հարաբերություններին. երբ անընդհատ մարդկանց ուզում ենք հիշեցնել կոնկրետ թեկնածուի մասին, մարդիկ խուսափում են այդ թեկնածուից»,- ասաց Գյուրջյանը:
Զրուցեց Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆԸ