Եթե ռեյտինգի հետևից ընկնենք, ապա առաջինը կլինեն անճաշակ կլկլոցներն ու էրոտիկ հաղորդումները. Էդուարդ Շարմազանով
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին մեկնարկեց ԱԺ խորհրդարանական քառօրյա նիստի չորրորդ օրվա աշխատանքը: Նիստին գրանցվել է 102 պատգամավոր:
Հանրային ռադիոհեռուստատեսության 2014 թվականի տարեկան հաշվետվության խորհրդարանական քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ օբյեկտիվ լինելու համար ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ: Տեսնել, թե ինչպես էր իրավիճակը 2-3 տարի առաջ ու գնահատել դա:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հանրային ռադիոյի և հեռուստատեսության եթերում պետք է արտացոլվի հասարակության պահանջարկը:
«Հանրային հեռուստաընկերությունն առաջին հերթին պետք է ունենա կրթական ֆունկցիա, ցույց տա քաղաքացու մոդելը: Իմ երեխան, ով 7 տարեկան, պետք է ձգտի նմանվել այն հերոսին, որը տրվում է Հանրայինով: Վերջին մի քանի տարիներին Հանրայինը գիտակցում է, որ ռեյտինգային հաղորդումների հետևից չպետք է ընկնի: Եթե ռեյտինգի հետևից ընկնենք, ապա առաջինը կլինեն անճաշակ կլկլոցները ու էրոտիկ հաղորդումները: Եթե Կոմիտասը կամ դասական երաժշտությունը ռեյտինգային չեն, չի նշանակում, որ չպետք է ցուցադրվեն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: