«Տեֆի-2015» միջազգային փառատոնում «Մուլտիկնիկ»-ը մանկական լավագույն հաղորդում է ճանաչվել (լուսանկարներ)
Սեպտեմբերի 16-19 Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է «Տեֆի-2015» համագործակցություն հեռուստատեսային 5-րդ փառատոնը, որի շրջանակներում Հայաստանը՝ «Մուլտիկնիկ» մանկական հաղորդումով ճանաչվել է լավագույնը: Փառատոնի և հաղորդման մասին մանրամասներ իմանալու համար Operativ.am-ի թղթակիցը զրուցել է հաղորդման հեղինակ-հաղորդավար Կորյուն Մկրտչյանի հետ:
-Ինչպե՞ս տեղեկացաք փառատոնի մասին:
-Կազմակերպիչները հայտերն ուղարկել էին տարբեր հեռուստաընկերությունների, իսկ հետո տեղեկացանք, որ Հայաստանից «Մուլտիկնիկ»-ն է ընտրվել որպես մասնակից հաղորդում:
-Ո՞րն էր փառատոնի թեման:
-Փառատոնի թեման է եղել «Հեռուստատեսությունը երեխաների համար ԱՊՀ և Մերձավոր արտասահմանի երկրներում»: Մասնակից պետությունները պետք է ներկայացնեին իրենց մանկապատանեկան հաղորդումները:
Ո՞ր երկրներն են մասնակցել «Տեֆի-2015»-ին:
-Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուկրաինան:
-Ընդհանուր թվով քանի հեռուստահաղորդում ներկայացվեց:
-Հեռուստահաղորդումների ընդհանուր թիվը հասել է 22-ի: Կային երկրներ, որ մի քանի հաղորդում ներկայացրին:
-Ո՞վքեր էին ժյուրիի կազմում:
-Ժյուրիի կազմում հայտնի հաղորդումների ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ էին: Անդամների թվով մեկ տասնյակի հասնող խորհրդի նախագահը Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի ֆոնդի նախագահ Ալեքսանդր Հակոբովն էր:
-Ինչու՞ հաղթող ճանաչվեց հենց «Մուլտիկնիկ»-ը:
-Փառատոնի ողջ ընթացքում, պրոֆեսիոնալ մասնագետները, որպես օրինակ անընդհատ մատնանշում էին «Մուլտիկնիկ»-ին՝ ասելով, որ այն համեմատաբար քիչ ծախսերով, դաստիարակչական, հետաքրքիր և գունավոր հաղորդում է:
-Հնարավո՞ր է «Տեֆի-2016» -ը կայանա Հայաստանում, քանի որ հաղթող երկիրը մենք ենք:
-Կազմակերպիչները հիմնականում գաղտնի են պահում, թե որտեղ է կայանալու «Տեֆի-2016»-ը, սակայն նրանք ինձ խոստացել են, որ այն կկայանա Հայաստանում:
-Երբվանից է ցուցադրվում «Մուլտիկնիկ»-ը և ո՞րն է հաղորդման հիմնական նպատակը:
-Մանկական այս հաղորդումը սկսվել է 2003 թ-ից: Հաղորդման նպատակն է երեխաներին սովորեցնել արագ եղանակով գեղեցիկ նկարել, տրամաբանել, երևակայել , ճիշտ համադրել գույները, տարբերել չարին ու բարուն և այլն: Այն նաև դաստիարակչական բնույթ ունի: Հաղորդման շրջանակներում արագ և գեղեցիկ նկարել սովորեցնելուց բացի ընթերցվում են երեխաների ուղարկած նամակները, կատարվում նրանց՝ այս կամ այն հերոսին նկարելու խնդրանքը:
Operativ.am-ը շնորհվորում է «Մուլտիկնիկ»-ին և մաղթում երկարատև ընթացք: