Ի՞նչ եք անելու, տանկե՞ր եք դուրս հանելու. ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Աջափնյակում են
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին գնում է այն համոզմամբ, որ երևանցին է Երևանի տերը: Հենց երևանցին է, որ պետք է որոշի, թե ինչպիսի երկրում է ուզում ապրել ինքը: Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը կուսակցության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ լինելու են երևանցու կողքին և տեր են կանգնելու յուրաքանչյուր քվեին: Ի պատասխան` Աջափնյակի բնակիչներն էլ հայտնեցին իրենց աջակցությունը «Բարգավաճ Հայաստանին» և մաղթեցին հաղթանակ:
Երևանի ավագանու ԲՀԿ թեկնածու Գուրգեն Արսենյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ եկել է փոփոխությունների ժամանակը, իսկ Երևանի ավագանու ընտրությունները լավագույն հնարավորությունն են ստեղծում դա անելու համար: Արսենյանն ասաց, որ ինքը գիտի, որ կան բազում-բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծված չեն: Խնդիրները բազմազան են` սկսած կենցաղային ու սոցիալական ամենատարբեր հարցերից, մինչև խոցված արժանապատվություն և ոտնահարված իրավունքներ: Արսենյանը վստահեցրեց, որ ԲՀԿ-ն գիտի դրանց հաղթահարման ճանապարհները:
Իր խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով ասաց. «Պետք է կարողանանք այնպես անել, որ Երևանը լինի ձերը, լինի իմը, ոչ թե լինի մի կուսակցությանը, որ ասի` չենք հանձնելու: Ի՞նչ եք անելու, տանկե՞ր եք դուրս հանելու: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ամեն ինչ պապական է եկել, ինչպես ուզեն, անելու են»:
Վերջում կուսակցության ներկայացուցիչները հորդորեցին անպայման մասնակցել ընտրությանը՝ վստահեցնելով, որ տեր են կանգնելու յուրաքանչյուր քվեին, և հաղթելու է արդարությունը: