Պարույր Սևակի վերջին հարցազրույցը
Ձեզ ենք ներկայացնում հանճարի վերջին հարցազրույցը չեխ լրագրողին: Հարցազրույցից 3 օր հետո Սևակը հեռացավ այս աշխարհից...
-Ինչո՞վ եք այժմ Դուք զբաղված, Պարո՛ւյր:
-Ուրեմն, նախ և առաջ, երկու տարի է արդեն գիրք եմ հանձնել, շուտով լույս կտեսնի, զբաղված էի այդ գրքով' պետական հրատարակչության գծով: Եվ երկրորդ' հիմա քանի որ աշխատում եմ նաև Ակադեմիայում, Գրականության ինստիտուտում, «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» այդ գրքի վրա եմ աշխատում: Հավանաբար, մինչև տարեվերջ կվերջացնեմ: Առայժմ իմ ամենաշտապ գործերը դրանք են: Ծրագրեր, պլաններ շատ ունեմ: Դա էլ արդեն հետագայի գործ է: Որից հետո պետք է զբաղվեմ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (պոեմի) թարգմանությամբ, նույնպես Ակադեմիայի գծով: Ոչ թե բանաստեղծական թարգմանություն դա պետք է լինի, այլ գիտական թարգմանություն: Ըստ որում պիտի ավելացնեմ, որ դա եղել է իմ տարիների, ամբողջ կյանքի մեծ երազանքներից մեկը: Հենց որ «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» վերջացնեմ, անմիջապես անցնելու եմ այդ գործին:
-Իսկ Ֆրիկը չե՞ք թարգմանելու:
-Երևակայեք, որ Նարեկացուց առաջ իմ մտադրություններից մեկը հենց Ֆրիկ թարգմանելն էր: Բայց որովհետև հիմա ծրագրվեց Նարեկացի, Նարեկացուց հետո անպայման կանցնեմ, հաջորդ գործս գիտական կլինի Ֆրիկը:
-Ի՞նչն եք, Պարո՛ւյր, Դուք համարում ամենահիմնականը գրողի համար:
-Նախ և առաջ ինքնուրույն մտածողությունը, ազատ մտածելը, ճշմարտությունը կիսատ չասելը: Առանց դրա, եթե Աստված նույնիսկ մեծ տաղանդ տված լինի, որևէ բան դուրս չի գա:
-Ասում են, որ վատ փորձը շատ օգտակար է գրողին…
-Վատ փո՞րձը… Անպայմա՛ն, և ով որ ասել է, միանգամայն ճիշտ է ասել: Բայց, դժբախտաբար, կարելի է վատ փորձ ունենալ և, օգտվելով այդ փորձից, նորից վատ գործ կատարել: Դա էլ կա: Այնպես որ եթե վատ փորձի վրա չես սխալվում, չես էլ զգում, որ սխալվել ես, կարող ես ամբողջ կյանքում վատ աշխատել: Եվ, փառ՜ք Աստծու, այնքա՜ն գրողներ կան, որ հետո վատ փորձը շարունակեցին մինչև վերջ:
-Ունե՞ք ինչ-որ ծրագիր, որը դեռևս վախենում եք իրագործել:
-Շա՜տ-շա՜տ: Այդպիսի ծրագրեր շատ ունեմ: Նախ և առաջ, վախենում եմ իմ սեփական ուժերից, որ չեմ կարողանում կատարել: Բայց քանի որ արդեն շուտով հիսուն տարեկան եմ դառնում, եթե հիմա էլ չկարողանամ կատարել, ուրեմն երբևէ չեմ կարող կատարել: Հավանաբար, շուտով ի՛նչ որ մտածել եմ, ի՛նչ որ հետաձգել եմ տարիներ շարունակ, այսուհետև կաշխատեմ անել:
-Ըստ Ձեզ, Պարո՛ւյր, որո՞նք են ժամանակակից հայոց գրականության հիմնական գծերը:
-Նախ և առաջ, մեր գրական նոր մտածողությունը, մի բան, որ մի տասը տարի առաջ շատ քիչ էր: Ամենակարևոր բանը դա եմ համարում:
-Ինչ-որ մեկը ինձ ասել է կամ ես եմ ինչ-որ տեղ կարդացել, որ մարդկանց պետք է նախապատրաստել կոսմիկական դարաշրջանի համար: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:
-Իմ կարծիքով՛ կոսմիկական դարաշրջանի և գրականության հարցերը բոլորովին տարբեր են: Կարելի է թռնել-գնալ Լուսին, վերադառնալ' մնալով միևնույն մարդը: Այնպես որ հարկավոր է մարդուն պատրաստել ոչ թե թռիչքների երկրագնդից դուրս, այլ այնպես անել, որ երկրագնդում կարողանա այդ թռիչքները գործել, թեկուզ մի երկրից մյուս երկիր:
-Շուտով արդեն չեխ ընթերցողը կծանոթանա Ձեր գրքին: Կուզենայի՞ք որևէ բան ասել նրան:
-Ամենից առաջ՛ ես շատ կուզենայի, որ Ձեր ունկնդիրները իմանային, թե մի ամբողջ ժողովուրդ, հա՛յ ժողովուրդը ինչքան է սիրում և իրեն երախտապարտ զգում Լյուդմիլա Մոտալովային, որի շնորհիվ է, որ հայոց գրականությունը այսօր հնչում է Չեխոսլովակիայում: Գալով Չեխոսլովակիային և առհասարակ չեխ և սլովակ ժողովուրդներին' ամբողջ սրտով, ինչպես եղբայրը եղբորը կարող է ցանկանալ, ցանկանում եմ բարեբախտություն, երջանկություն և լավագույն ապագա:
14.VI.1971թ.
Չանախչի