25 տարի առաջ ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը (տեսանյութ)
«»1990 թվականի օգոստոսի 23-ին գերագույն խորհրդի նիստերի դահլիճում որոշվում էր՝ ինչ ճանապարհով է գնալու Հայաստանը` շարունակելու է մնալ խորհրդային, թե այլևս անկախ է լինելու: Սեղանի վրա դրվեց 12 կետից բաղկացած «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթուղթը: Գերագույն խորհուրդի տարբեր դիրքորոշումներ ունեցող 260 պատգամավորները միաձայն ընդունեցին պատմական որոշումը: Հայաստանի անկախության հռչակագիրն ամրագրեց այն հիմնական դրույթները, որով պետք է զարգանար մեր երկիրը։
Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, հիմնվելով հռչակագրի վրա` Գերագույն խորհուրդը որոշում է վերանվանել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ու կոչել Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան: Հայաստանը, ըստ հռչակագրի, ունի դրոշ, զինանշան, հիմն: Անկախ պետականության հաստատման գործընթացը նոր Հայաստանը սկսեց` որպես ժողովրդի միասնական կամքի արտահայտություն` կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները: Իսկ մեկ տարի անց՝ սեպտեմբերի 21-ին, հանրաքվեով բնակչության 99%-ն «Այո» ասաց անկախությանը: