Կարա Դելևինը լքում է նորաձևության աշխարհը
Հայտնի մոդել Կարա Դելևինն անկեղծ հարցազրույց է տվել The Times-ին և պատմել, որ որոշել է հեռանալ նորաձևության աշխարհից։ Նա նաև խոսել ոլորտի «մութ անկյունների» և դերասանուհու կարիերայի մասին: 23-ամյա մոդելն այլևս մտադիր չէ նկարահանվել ֆոտոսեսիաներում, այլ, մտադիր է կենտրոնանալ դերասանուհու կարիերայի վրա:
Ինչպես գրում է Huffingtonpost-ը՝ Դելևինի համար արդեն նողկալի է այն հանգամանքը, որ մոդելներին համարում են սեքսուալ օբյեկտ։ Նրա կարծիքով՝ աղջիկները, որոնք երիտասարդ տարիքից են մուտք գործում այս աշխարհ, ստիպված են շատ շուտ հասունանալ:
Լարված աշխատանքային գրաֆիկը և մշտական սթրեսները բացասաբար էին ազդում մոդելի առողջության վրա: Մշտական սթրեսները հանգեցրել էին փսորիազի առաջացմանը, որը թաքցվում էր շպարի միջոով: «Ես ինձ ատում էի: Այնքան ցավոտ էր, որ ես ուզում էի գլուխս խփել ծառին»,-պատմել է նա:
Նորաձևության աշխարհում նրա փորձն ավելի շատ վնաս է հասցրել նրան, քան օգուտ: «Եթե ես անարդարություն եմ տեսնում, ապա ես պարզապես պայթում եմ: Եթե մեկը սահմանն անցնի, ապա կզղջա դրա համար»,- ասում է մոդելը:
Նրա խոսքով՝ ինքն իրեն առավել լավ է զգում դերասանուհու կարիերայով զբաղվելով, ուստի հենց դրա համար էլ նա որոշել է իրեն նվիրել այդ մասնագիտությանը:«Ես կարծում եմ, որ ես այդ ոլորտին եմ պատկանում: Դա իմն է»,- անկեղծացել է Կարան: