1922 թվականի այս օրը արցախցի ռազմիկ Հակոբ Մելքումյանի կողմից իր պատիժը ստացավ Էնվեր փաշան
Էնվեր փաշա (նոյեմբերի 22, 1881, Ստամբուլ և Կոստանդնուպոլիս - օգոստոսի 4, 1922, Տաջիկստան), թուրք պետական և ռազմական գործիչ, Օսմանյան Թուրքիայի Ռազմական գործերի նախարարը (1913-1918թթ.) և երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից։ Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից մեկը։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին անմիջականորեն գլխավորել է Կովկասյան ճակատում թուրքական լայնածավալ հարձակումը, որը սակայն կատարյալ անհաջողությամբ է ավարտվել (Սարիղամիշի օպերացիա, 1914 թ. դեկտեմբեր-1915 թ. հունվար)։
Օսմանյան կայսրության պարտությունից հետո 1918 թ. նոյեմբերին Էնվերը ապաստանել է Գերմանիայում։ 1919 թ. հեռակա կարգով մահվան է դատապարտվել օսմանյան նոր իշխանությունների կողմից։
1921 թ. անցել է Միջին Ասիա, որտեղ գլխավորել է բասմաչների գործողությունները։ Սպանվել է խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ 40-ամյա տարիքում՝ արցախցի ռազմիկ Հակոբ Մելքումյանի կողմից: