Այսօր Գուրգեն Մահարու ծննդյան օրն է
Գուրգեն Գրիգորի Մահարի (օգոստոսի 1, 1903, Վան - հունիսի 17, 1969, Պալանգա, (Լիտվա)), աճյունը ամփոփվել է Երևանում), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1965 թ.), 1934 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» դպրոցներում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց ցեղասպանությունը ապրել է սովորական կյանքով։ 1915 թվականի կոտորածների ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան։ Սակայն երբ թուրքերը հարձակվում են Վանի վրա, նրանք փրկվելով կոտորածից կռվում են մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջում է և նրանց հետ նահանջում են նաև հայերը։ Ճանապարհին նա կորցնում է իր հարազատներին և այլ փախստականների հետ փախչում Արևելյան Հայաստան։ Այստեղ Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և սովորում ԵՊՀ-ի պատմագրական ֆակուլտետում։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորը և մյուս հարազատներին, սակայն իմանում է նաև, որ տատը մահացել է գաղթի ճանապարհին։ Հետագայում նա տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։
Որբանոցներից մեկում նա ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ և սկսվել է նրա ստեղծագործական կյանքը։ 1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք» «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Մահարին որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Սակայն նրա գրական գործունեությունը ընդհատվում է 1936 թվականին, քանի որ անհիմն մեղադրանքով, ստալինյան ռեպրեսիայի արդյունքում, նա աքսորվում է։
1953 թվականին նա վերադառնում է Երևան և գրում իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը և «Այրվող այգեստաններ» վեպը։
Մահարին մահանում է 1969 թվականի հունիսի 17-ին Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաքում։