Ի՞նչ արդյունքի կբերի Ադրբեջանի և Թուրքիայի հակաիրանական քաղաքականությունը
Այսօր` ապրիլի 6-ին իրանագետ Արմեն Իսրայելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջին շրջանում Ադրբեջանը և Թուրքիան վարում են հակաիրանական քաղաքականություն:
Նրա խոսքով` մարտի 30-ին Բաքվում կայացել է «Հարավային Ադրբեջանի ազատագրման ճակատ» հակաիրանական կազմակերպության նիստը, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները: Ըստ նրա` այդպիսի քայլերը նպաստում են, որպեսզի Իրանը մասնատվի:
Նա անդրադարձավ Անկարայում տեղի ունեցող նիստերին, որոնք, ըստ բանախոսի, աննախադեպ բնույթ են կրում: 2010-2011թթ Իրանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացվում էին լրագրողների և պատգամավորների կողմից: Հատկանշական է այն փաստը, որ 2012թ-ից այդ պահանջները սկսեցին հնչել նաև պատգամավորների կողմից, իսկ նրանցից մեկն անգամ պատրաստ էր դառնալ միավորված Ադրբեջանի մեջլիսի նախագահ: Իրանի պատասխանը եղավ այն, որ Իրանին միավորվելու հարցով անցկացվի հանրաքվե:
Ա. Իսրայելյանի խոսքով` սա ավելի շատ քարոզչական նպատակներ է հետապնդում: Ադրբեջանի մոտեցումները սխալ սկզբունքների վրա են հիմնված: Նա նաև նշեց, որ ադրբեջանցիները պնդում են, որ Թուրքմենչայի պայմանագրով կորցրել են հարավային Ադրբեջանը, իսկ այժմ իրենց պետությունը համարում են Հյուսիսային Ադրբեջան և ցանկանում են միավորվել հարավային հատվածի հետ: