Հաճախ չի կարելի մարդկանց բարիք գործել առանց պատժվելու, առանց տանջվելու
Երևի թե շատ ճիշտ է, որ արվեստի գործերը չեն դասվում օգտակար գործողությունների շարքում, այսինքն' չեն ծառայում որպես սնունդ, հագուստ, օթևան, մի խոսքով' չեն հոգում մարմնական կարիքները: Ընդհակառակը, մեզ կտրում են առօրեական, գործնական կյանքից և մեր առջև բացում գեղեցիկի և երազանքի կախարդական աշխարհը…
Այսօր, ի դեպ շատ-շատերը օգտակար են համարում կարծես թե այն հարստությունները, որ ցուցադրում են միայն փառք ձեռք բերելու և նախանձ շարժելու համար: Իսկ այդ հարստությունները, այդ հարստությունները դիզելու մոլուցքը ցավոք ոչ միայն օգտակար են, այլ շատ հաճախ նաև խանգարում են, կործանում մարդկանց: Իսկ աշխարհում գեղեցիկից ու երազանքից ավելի ի՞ նչը կարող է մեզ երջանկացնել, ազնվացնել…
Արվեստը ցույց է տալիս մարդկանց իրենց գոյության իմաստը, լուսաբանում նրանց ճակատագիրը, բարիացնում նրանց, հետեւաբար' նրանց ուղղորդում, կողմնորոշում կյանքում:
Արվեստագետներն ու մտածողները նման են անսահմանորեն նուրբ ու հնչեղ քնարների, իսկ այն թրթիռները, որ կորզում են նրանցից յուրաքանչյուր ժամանակաշրջանում, ներթափանցում են մնացած բոլոր մահկանացուների մեջ: Անկասկած, արվեստի անչափ գեղեցիկ գործերը ճաշակելու ընդունակ մարդիկ հազվագյուտ են, և ի միջայլոց, թանգարաններում, ցուցասրահներում կամ նույնիսկ հասարակական վայրերում գտնվող գործերը դիտվում են միայն սահմանափակ թվով մարդկանց կողմից: Սակայն, այն աստիճանաբար հոգևոր հոսքի ցայտման, բռնկման միջոցով տարածվում է շուրջ բոլոր, գերում բոլորին…
Արվեստի վարպետներն իրենց սերնդի համար բերում են նոր գաղափարներ ու հակումներ, հաճախ կրելով բազում զրկանքներ, կանգնելով մեծ դժվարությունների առջև' դրանք ընդունելի դարձնելու համար: Երբեմն նրանք համարյա ամբողջ կյանքն անց են կացնում սովորույթների դեմ պայքարով: Եվ ցավոք, որքան շատ տաղանդով են օժտված, այնքան նրանց բախտ է վիճակվում երկար ժամանակ չճանաչված մնալ, ճանաչվել, ընդունվել լոկ իրենց ճանապարհի վերջում կամ նույնիսկ հետմահու…
Հաճախ չի կարելի մարդկանց բարիք գործել առանց պատժվելու, առանց տանջվելու: Բայց գոնե մարդկային հոգին հարստացնելու այդ համառության համար արվեստի վարպետներն արժանի են, որ իրենց անունը սրբացվի գոնե' ցավոք գոնե մահից հետո…
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից: