«Թուրքական հոսք»-ին միջազգային արբիտրաժ է սպառնում
«Թուրքական հոսք» գազամուղի նախագիծը կարող է անորոշ ժամկետով սառեցվել այն պատճառով, որ Թուրքիան ցանկանում է «Գազպրոմ»-ի դեմ դատական հայց ներկայացնել միջազգային արբիտրաժ՝ գազի հարցով համաձայնության բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է Rambler.ru-ն՝ հղում անելով Trend գործակալությանն ու Botas թուրքական պետական էներգետիկ ընկերությանը։
Ռուսաստանն ու Թուրքիան ավելի քան կես տարի է չեն կարողանում համաձայնության գալ գազի զեղչի հարցում։ Այս շաբաթ ռուսական գազի մատակարարման պայմանագրի ժամկետը լրանում է, սակայն կողմերն այդպես էլ չեն պայմանավորվել: Գործակալությունը նշում է, որ եթե մինչև շաբաթվա վերջ կողմերը համաձայնության չգան գազի զեղչի հարցում, թուրքական կողմը կդիմի միջազգային արբիտրաժ, ինչը փաստացի կսառեցնի «Թուրքական հոսք» նախագծի երկկողմ բանակցությունները։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Թուրքական հոսք»-ի կառուցումը կարող է հետաձգվել կապված գազի գնի վեճի և համաձայնության չգալու հետ: